Այս սարսափելի գործողություններն արտացոլում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. բարոնուհի Քերոլայն Քոքս

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձել է Հայաստանի ուղղությամբ ադրբեջանական ուժերի հարձակմանը՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանին և պատասխանատվության ենթարկի պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար: Այս մասին ասված է բարոնուհի Քերոլայն Քոքսի մամուլի հաղորդագրությունում:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը նոր դաժան հարձակումներ է սկսել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա:

«Ադրբեջանը ոչ միայն հարվածներ է հարցնում ռազմական օբյեկտներին, այլ նաև՝ համայնքներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին»,-նշել է Քոքսը:

Մամուլի հաղորդագրությունում հիշատակվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունն առ այն, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ին ադրբեջանական զինուժը սկսել է հայկական դիրքերի ինտենսիվ գնդակոծությունը՝ հրետանային և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ նաև ԱԹՍ-ների կիրառմամբ։

«Այս սարսափելի գործողությունները հետևել են Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների անպատժելիությանը և արտացոլում են նրա ցեղասպան քաղաքականությունը»,-նշել է նա:

Ապա Քերոլայն Քոքսն ընդգծել է՝ հասկանալի է, որ Ադրբեջանը խաղաղության մտադրություն չունի:

«Հրատապ անհրաժեշտություն կա, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, դատապարտի Ադրբեջանին և պատասխանատվության ենթարկի պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»,-շեշտել է նա:

Տեսանյութեր

Լրահոս