Որոշում է կայացվել Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ուսհաստատություններին տրամադրել արձակուրդ, դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսհաստատություններում. ԿԳՄՍՆ
ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մի շարք բնակավայրերում խաթարվել է ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը:
Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով:
Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում: