ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների առաջնորդները սեպտեմբերի 13-ի երեկոյան կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը: Ինչպես տեղեկացնում է «Московский комсомолец» լրատվամիջոցը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Հայկական կողմի խնդրանքով այսօր ժամը 18: 30-ին տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով», – ասել է նա:
Ուշակովի խոսքով՝ քննարկումը տեղի կունենա փակ ռեժիմով, սակայն ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանը լրատվամիջոցներին կտեղեկացնի ընդունված որոշումների մասին։ Առանձին հայտարարություն կարող է տարածել նաև ռուսական կողմը։
Ուշակովը հիշեցրել է, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ սեպտեմբերի 16-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Ռուսաստանի նախագահի երկկողմ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ուշակովի խոսքով՝ Մոսկվան Բաքվին եւ Երեւանին զսպվածության կոչ է անում։ Նա ասել է, որ կողմերը պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը և 2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության կետերը։