Լավրենտին ընդամենը 1,5 ամսվա զինծառայող էր
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը գիշերը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 24:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Պաշտոնական գերատեսչության կողմից թեև դեռևս չկան հայկական կողմի զոհերի մասին հստակ տեղեկություններ, նույնականացումներ, սակայն համացանցում պարբերաբար հրապարակվում են անուններ:
Այս հրապարակումներից մեկը Լավրենտի Նատոյանի մասին է, որը ՀՊՄՀ Պարարվեստի Ամբիոնի ուսանող էր, «Բերդ» պարային անսամբլի պարող: Նա ընդամենը 1,5 ամսվա զինծառայող էր:
«Բերդ» անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում սանի մասին գրել է.
«Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք: «Բերդ» պարային անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ ու Հայրենիքի պաշտպան: Անպատմելի ցավից արյունոտվեցին մեր սրտերը, մեր թևերը ջարդվեցին թռիչքի պահին, և այն տունը, որ Բերդ էր կոչվում, դատարկվեց: Լավրենտի տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Սակայն քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի Լավրենտի, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա»: