Հռոմի պապը ժամանել է Ղազախստան
Հռոմի Ֆրանցիսկոս պապը սեպտեմբերի 13-ին ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք՝ մասնակցելու համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 7-րդ համագումարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: «Մայրաքաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը, որը Ղազախստան է ժամանել պետական այցով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Բարձրաստիճան հյուրին կհանդիպի պետության ղեկավար Քասըմ Ժոմարտ Տոկաևը»,-նշել են մամուլի ծառայությունում: Նախօրյակին Ղազախստանի ԱԳՆ-ում հայտնել են, որ կաթոլիկ եկեղեցու ղեկավարին նրա ուղևորության ընթացքում կուղեկցի ԶԼՄ-ների ավելի քան 80 ներկայացուցիչ: Սպասվում է, որ, բացի համագումարին մասնակցելուց, քահանայապետը պատարագ կմատուցի 3 հազար ուխտավորների համար, որոնք Ղազախստանի մայրաքաղաք են ժամանել Կենտրոնական Ասիայի երկրներից և մյուս հարևան պետություններից:
Կազմակերպիչները հայտնել են, որ համաշխարհային և անվանդական կրոնների առաջնորդների համագումարին կմասնակցեն 50 երկրներից ժամանած շուրջ 100 պատվիրակություններ, այդ թվում՝ իսլամի, քրիստոնեության, հրեականության, բուդդիզմի, հնդուիզմի և այլ կրոնների ներկայացուցիչներ: Մասնակիցների թվում է նաևԳերագույն իմամ ալ Ազհարա Ահմեդ Մոհամեդ Ահմեդ աթ-Թայեբը, Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլ 3-րդը, Աշկենազի գլխավոր րաբբի Դավիթ Լաուն, Իսրայելի Սեֆարդի գլխավոր րաբբի Իցհակ Իոսիֆը և այլ կրոնական առաջնորդներ, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: