
ԵՄ-ն կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմագործողությունները և վերադառնալ ելման դիրքեր. Տոյվո Կլաարը հրատապ կայցելի Երևան ու Բաքու

ԵՄ-ն կոչ է անում Երևանին ու Բաքվին դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնմալ ելման դիրքեր: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը:
Նա մասնավորապես նշել է, որ վերջին ժամերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լուրջ մարտեր են տեղի ունեցել՝ զոհերի մասին հաղորդումներով։ «Հրամայական է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն և վերադարձ լինի բանակցությունների սեղան։ Բոլոր ուժերը պետք է վերադառնան իրենց դիրքեր, որոնք եղել են մինչ էսկալացիան, և հրադադարը պետք է լիովին հարգվի։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կապի մեջ է երկու երկրների ղեկավարների հետ, և ես այսօր խոսում եմ համապատասխան արտգործնախարարների հետ։
ԵՄ-ն հավատարիմ է շարունակելու գործել որպես ազնիվ միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ օգնելու հասնելու Հարավային Կովկասի ընդհանուր նպատակին, որն է ապահով, բարգավաճ և խաղաղ՝ ի շահ նրա ողջ ժողովրդի:
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այժմ անմիջապես կմեկնի երկու երկրներ՝ աջակցելու անհրաժեշտ դեէսկալացիային և քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացում հաջորդ քայլերը»,- նշել է Բորելը: