Վրաստանը և ԱՄԷ-ն սեպտեմբերին կսկսեն բանակցություններ ազատ առևտրի շուրջ
Վրաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրություններն (ԱՄԷ) ընթացիկ ամսին պլանավորում են սկսել բանակցություններ երկրների միջեւ ազատ առետրի շուրջ: Այդ մասին հաղորդել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում՝ ամփոփելով ԱՄԷ-ի Էկոնոմիկայի եւ առեւտրի հարցերով պետնախարար Ահմեդ Ալի Ալ Սայեղի հետ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպման արդյունքները:
«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԱՄԷ-ի Էկոնոմիկայի եւ առեւտրի հարցերով պետական նախարար Ահմեդ Ալի Սայեղի հետ: (…) Նշվել է, որ ընթացիկ ամսին կսկսվի երկխոսություն Վրաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ ազատ առեւտրի ռեժիմի սահմանման նպատակով: Վարչապետի խոսքով՝ ազատ առեւտրի գոտու ստեղծումը կձեւավորի բարենպաստ կլիմա երկու երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրական կապերի օժանդակման եւ զարգացման համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Վրաստանի կառավարության ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ի ղեկավարությանը հանրապետության քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման համար, ովքեր ցանկանում են այցելել արաբական երկիր: Անայցագիր ռեժիմն ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա հունիսին, հավելել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում:
Վրաստանը եւ ԱՄԷ-ն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին: Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատի» տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար–հուլիսին երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 133 միլիոն դոլար, ինչը 82 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն տվյալների համեմատությամբ:
Զբոսաշրջության ազգային վարչությունն իր հերթին հայտնել է, որ 2022 թվականի հունվար–հուլիսին ԱՄԷ-ից Վրաստան կատարվել է ավելի քան 6,6 հազար ուղեւորություն, ինչը 161,4 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: