Հայկական կողմի զոհերի ֆոնին Գուրգեն Արսենյանը սառնասրտության կոչ է անում է՝ չհրաժարվելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացրած սադրանքի հետևանքով դիրքային կորուստների մասին տեղեկություններ չունի, ասում է՝ դրա վերաբերյալ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում չեն ունեցել։

«Այդ քննարկումը զինվորականների մասնագիտական դաշտից է, թե որ դիրքը որտեղ է, քանի որ մեր գործունեության շրջանակների մեջ չէ։ Ադրբեջանցիների առաջխաղացման մասին տեղեկություններ չունեմ, բայց գիտեմ, որ դիրքային փոփոխություններ կան»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գուրգեն Արսենյանը։

Ըստ իշխանական պատգամավորի, այս պահին ընթանում է ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի նիստը, որը դեռ չի ավարտվել, այսինքն՝ տեղեկություններ ունեն, որ ՀՀ իշշխանության կողմից ՀԱՊԿ-ին ուղղված դիմումի քննարկումն ընթացքի մեջ է։

«Մենք առաջին հերթին ձգտում ենք կրակի դադարեցման և առնվազն մենք ձգտում ենք նրան, որ մեր և ադրբեջանական զորամիավորումները զբաղեցնեն այն դիրքերը,  մինչ այս բանի սկսվելը։ Սա մեր առաջանային խնդիրն է։

Կարդացեք նաև

Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ մենք ունեցանք ակնարկ, ոչ թե խորը քննարկում, այլ ակնարկ։ Գտնում ենք, որ այս պահին ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա, որովհետև եկեք նաև ձևակերպումների մեջ լինենք ճիշտ։ Այս պահին ընթանում է  սահմանային կոնֆլիկտ, որովհետև հրետակոծության է ենթարկվում ՀՀ սահմանային բնակավայրերը և սահմանային զորամիավորների զբաղեցրած դիրքերը, փոխադարձ բան է տեղի ունենում։ Այսինքն՝ այս պահին չենք կարող արձանագրել, որ որևէ էական տեղաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի զինուժի կողմից դեպի Հայաստանի տարածք խորանալու»,- հավելեց Գուրգեն Արսենյանը։

Դիտարկմանը, որ խոսակցության սկզբում ինքն ասաց, թե տեղեկություններ չունի ադրբեջանցիների առաջխաղացման մասին, Գուրգեն Արսենյանը փորձեց ինչ-որ կերպ ասածը հերքել.

«Չէ, եթե հանկարծակի ունենայինք ադրբեջանական զինուժի տեղաշարժ Հայաստանի տարածքով, դա վայրկյանական մենք կիմանայինք։ Ես, այսպես ասեմ՝ դիրքային փոփոխություններ։

Որպես պատգամավոր՝ Հայաստանի բնակչությանը կոչ եմ անում սառնասրտորեն վերաբերվել տեղի ունեցող իրադարձություններին, մնացած հուզական դրսևորումները միայն մեզ խանգարելու են»։

Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ իշխանական պատգամավորը հավանաբար մոռացել է, որ նախորդ տարվա մայիսի 12-ից թշնամու զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել և հաստատվել են ՀՀ սուվերեն տարածքում։

Թեպետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 49 զոհ, և այդ թիվը վերջնական չէ, իշխանական պատգամավորները, ինչպես և նրա թիմը չեն շտապում հրաժարվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից, չնայած Նիկոլ Փաշինյանը կրկին ԱԺ-ում հայտարարեց, որ այն առանց որևէ երաշխիքի թուղթ է։

Ըստ Գ. Արսենյանի, Հայաստանի քաղաքացիների անվտանգության թիվ մեկ երաշխիքը հարևանների հետ խաղաղության մշտական և հուսալի կարգավիճակն է։

«Մենք քաղաքակիրթ ժամանակահատվածում ենք ապրում, մենք մարդակերների ու վայրենիների դարաշրջանում չենք, որ մտածենք, թե փոխադարձ ագրեսիան ավելի նախընտրելի է, քան խաղաղությունը։ Մենք մեր տեսլականն ունենք, ունի իր տեսլականն Ադրբեջանը, այսինքն՝ Ադրբեջանի պետական ու քաղաքական միտքը խաղաղություն ասելով՝ պատկերացնում է  մի կարգավիճակ, որը բխում է իր պետության և ժողովրդի շահերից։ Մենք ասելով խաղաղության կարգավիճակ՝ պատկերացնում ենք մի տեսլական մեր երկրի ու ժողովրդի անվտանգության շահերից։ Մենք այս պահին Ադրբեջանի հետ ունենք փոխհարաբերություն քաղաքական մակարդակով՝ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի հանդիպումները տարբեր ֆորմատներով։ Ադրբեջանի հետ ունենք փոխհարաբերություն՝ տարբեր պետական խողովակներով շփում, և Ադրբեջանի հետ ունենք մի փոխհարաբերություն, երբ իրար վրա կրակում ենք»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս