Ադրբեջանի հարձակման ֆոնին Փաշինյանը կմեկնի՞ Սամարղանդ

ՀՀ կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 15-16-ը կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական հարձակման ֆոնին:

168.am-ի հետ զրույցում կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ կառավարությունն այդ մասին կտեղեկացնի սահմանված ժամկետում:

Պնդումներին, որ գագաթնաժողովին մնացել է ընդամենը 2 օր, Խաչատրյանն արձագանքեց, որ կտեղեկացնեն հետո:

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ընթացքում եղավ ակնարկ այն մասին, որ Փաշինյանը մասնակցելու է ՇՀԿ գագաթնաժողովին, որին այս անգամ մեծ կարևորություն է տրվում, քանի որ տեղի է ունենում ուկրաինական պատերազմի ֆոնին: Այս ՇՀԿ գագաթնաժողովը, որին մասնակցելու է ինչպես Պուտինը, այնպես էլ՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ՇՀԿ այլ ղեկավարներ, վերջին տարիների ընթացքում առաջին ուղիղ գագաթնաժողովն է լինելու: Վերջին տարիներին ՇՀԿ նիստերը եղել են միայն առցանց ռեժիմով:

«Մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Մենք աշխատում ենք մեր կազմակերպություններում՝ և՛ տնտեսական կազմակերպությունում, և՛ ՀԱՊԿ-ում, նկատի ունեմ՝ անվտանգության և կայունության ապահովումը: Մոտ ապագայում Դուք պլանավորում եք լինել նաև Ուզբեկստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում նախատեսվող միջոցառումներին, որտեղ հնարավորություն կլինի ևս մեկ անգամ հանդիպել և գործընկերների հետ բանակցել»,- մանրամասնել էր Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը:

Օգոստոսի սկզբին էլ Սոչիում Պուտին-Էրդողան բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն էր հայտարարել, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն հրավիրել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հանդիպմանը։ Նա նշել էր, որ Պուտինի հրավերից հետո անհրաժեշտ է համարում մասնակցել Ուզբեկստանում կայանալիք ՇՀԿ հանդիպմանը` հավելելով, որ հանդիպմանը ներկա կլինեն նաև կազմակերպությանն անդամակցելու նպատակ ունեցող այլ պետություններ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է իր մասնակցությունը ՇՀԿ գագաթնաժողովին:

Սեպտեմբերի 9-ին Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդա Ասադովը «Տելեգրամում» գրել էր, որ Փաշինյանը ներկա է լինելու հյուրի կարգավիճակով։ Փորձագիտական հանրության կարծիքով, Ուզբեկստանում հնարավոր են շփումներ Փաշինյան-Ալիև կամ Փաշինյան-Էրդողան ձևաչափով, եթե Փաշինյանը մեկնի Սամարղանդ, և Պուտինը նախաձեռնի նման միջնորդություն:

Տեսանյութեր

Լրահոս