Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը

Ֆրանսիան հրավիրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն` Ելիսեյան պալատին հղումով:

Նախօրեին հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:

ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

Տեսանյութեր

Լրահոս