Ուկրաինայում ՌԴ արգելակումը ոգեշնչում է նրանց, ովքեր կցանկանան կոտրել ստատուս-քվոն Կովկասում, Դնեստրում, Սիրիայում․ այստեղ հարցն ուղղված է ՌԴ-ին՝ կշարունակե՞նք լուռ խաղալ, թե՞ դասեր քաղել. Մարկեդոնով

«Որքան վատանա իրավիճակը Դոնեցկի, Խերսոնի կամ Լուգանսկի մերձակայքում, այնքան տարբեր բռնկումներ կլինեն Եվրասիայի տարածքներում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Նա նախ նշել է, որ չի ցանկանում հարցազրույցներ տալ, պարզապես կարճ անդրադառնում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում տիրող իրավիճակին:

Մարկեդոնովը նշել է, որ առաջին անգամը չէ, որ գրում է՝ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղը չէ, այն ավելի լայն է, քան մեկ վիճելի տարածաշրջանը։

Ըստ նրա՝ խոսքը երկու հարևան ազգային պետությունների գոյության մասին է, և սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները լիովին հաստատեցին դա:

Նա նաև գտնում է, որ հակամարտության վրա ազդում է հատուկ ռազմական գործողության դինամիկան, սակայն այն որոշիչ չէ։

«Ադրբեջանը նոր «սառեցում» չի ուզում, ոչ էլ իր համար ավելի բարենպաստ պայմաններով (1994-2020 թթ. համեմատ)։ Բաքուն ցանկանում է արագ խաղաղություն՝ «այստեղ և հիմա», իր պայմաններով, Հայաստանի առավելագույն թուլացմամբ։ Ուկրաինայի հետ, Ղազախստանի, Վենեսուելայի հետ, թե առանց նրանց»,- գրել է Մարկեդոնովը:

Սակայն, ըստ նրա, Ուկրաինայում Ռուսաստանի արգելակումը ոգեշնչում է նրանց, ովքեր կցանկանան կոտրել առկա ստատուս-քվոն։

«Ե՛վ Կովկասում, և՛ Դնեստրում, և՛ Սիրիայում: Վերցրեք առնվազն «Էյր Մոլդովայի» համար Մոսկվա թռիչքների արգելքները, ինչն իրականում նշանակում է, որ Քիշնևը միանում է հակառուսական պատժամիջոցներին: Ոչ մի անձնական բան, միայն քաղաքականություն: Եվ հետևաբար, որքան վատանա իրավիճակը Դոնեցկի, Խերսոնի կամ Լուգանսկի մերձակայքում, այնքան տարբեր բռնկումներ կլինեն Եվրասիայի տարածքներում։ Եվ այստեղ հարցն արդեն մեզ համար է՝ կշարունակե՞նք լուռ խաղալ, թե՞ եզրակացություններ անել, դասեր քաղել»,- նման կարծիք է հայտնել Մարկեդոնովը:

Տեսանյութեր

Լրահոս