Բաժիններ՝

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի գլխավորությամբ քննարկվել են հանրակրթական դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության, ֆինանսական և իրավաբանության ոլորտների պատասխանատուներին:

Քննարկվել են 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտնող «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված հանրակրթական դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցերը՝ մասնավորապես, տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթների տարանջատմանն ու արդյունավետ իրագործմանը վերաբերող:

«Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, հանրակրթության, անձնակազմի կառավարման, ֆինանսական, լիցենզավորման և զարգացման ծրագրերի ստորաբաժանումների ներկայացուցիչները:

«Մինչև օրենքով սահմանված նոր իրավակարգավորումների կիրառումը պետք է իրականացնենք նախապատրաստական մեծ աշխատանք, որը պետք է իրականացնենք մարզերի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է լինելու մեխանիզմների ճիշտ պլանավորումից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ներկայացնելով դպրոցների կառավարման նոր մոդելը` նախարարի տեղակալը փաստել է, որ օրենքով ամրագրված է` վարչատնտեսական կառավարումն առանձնացվելու է դպրոցների բովանդակային կառավարումից: Դպրոցի վարչատնտեսական կառավարման գործառույթները կարող է պատվիրակվել վարչական համակարգողին (ֆիզիկական անձի), ինչպես նաև իրավաբանական անձի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Դպրոցի կրթության որակի ապահովման գործառույթը, որը պետության առաջնային նպատակն է, վերապահվում է տնօրենին: Առանձնացրել ենք վարչական և տնտեսական գործառույթները` տնօրենին տալով ժամանակ` բովանդակային գործառույթներն ավելի լավ իրականացնելու:

Մեր հիմնական նպատակն էր նաև բարձրացնել վարչատնտեսական կառավարման որակը` հաշվի առնելով, որ մի շարք գործառույթների կենտրոնացված իրագործումն ավելի նպատակահարմար է արդյունավետության տեսանկյունից»,- նշել է փոխնախարարը:

Քննարկման ընթացքում նշվել է, որ, ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր մոդելի, վարչական գործառույթներ են համարվում հաշվապահությունը, գնումների գործընթացը, սննդի և մաքրության կազմակերպումը, անվտանգության ապահովումը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը:

Կառավարման մոդելին առնչվող մյուս կարևոր նորույթը, որն ամրագրված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ, դպրոցի տնօրենի նշանակումն է, որով դպրոցական խորհուրդներից հանվում է տնօրենին ընտրելու գործառույթը: Տնօրենին նշանակելու է պետական լիազոր մարմինը (ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը)` հիմք ընդունելով թեկնածուի ներկայացրած զարգացման ծրագիրը:

«Անդրադառնալով հարցին, թե նոր օրենքի վերը նշված դրույթներն ինչպես են ուժի մեջ մտնելու և ինչպիսի առաջնահերթությամբ են տարածվելու դպրոցների վրա, նախարարի տեղակալը նշել է. «Դպրոցների այն տնօրենները, որոնց մրցույթները կհայտարարվեն մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը, այսինքն` 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, ընտրվելուց հետո մինչև իրենց պաշտոնավարման ավարտը կաշխատեն ներկայում գործող կարգավորումներով: Նոր մոդելը կգործի այն դպրոցներում, որտեղ տնօրենի թափուր տեղի մրցույթը կհայտարարվի 2023 թվականի հունվարից հետո»:

Նախարարի տեղակալը նաև նշել է, որ ըստ մարզերի՝ կատարվել է տվյալների ամփոփում և կան նախնական ամփոփ տվյալներ, թե առաջին փուլով որ դպրոցներում է ներդրվելու կառավարման նոր մոդելը: Նոր կարգով նշանակված տնօրենները հետագայում ատեստավորման ճանապարհով կարող են շարունակել պաշտոնավարումը` չգնալով հավաստագրման քննության:

Հավաստագրման ինստիտուտը՝ որպես մուտքային պահանջ, կշարունակի գործել առաջին անգամ նշանակվող տնօրենի համար, հետևաբար առաջին ատեստավորված տնօրենը, որը կկարողանա շարունակել աշխատանքը որպես տնօրեն` առանց հավաստագրվելու, կունենանք նոր մոդելի կարգավորման դրույթի ուժի մեջ մտնելուց 5 տարի անց, այսինքն` 2028 թվականին»,- հայտնում են գերատեսչությունից։

Նշվում է, որ իրականացվել է նաև վարչատնտեսական գործառույթներ իրականացնող աշխատակիցների քարտեզագրում, ինչպես նաև զուգահեռաբար ընթանում են օրենքի կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակումները:

Քննարկման մասնակիցները, ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկները, հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգի վերաբերյալ մի շարք հարցեր են ուղղել Ժաննա Անդրեասյանին:

Երևանի և մարզպետարանների մասնակցությամբ քննարկումները կլինեն շարունակական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս