Մի վախեցեք պարտություններից, դրանք ձեզ ավելի ուժեղ են դարձնելու. Յանա Եգորյանի խորհուրդը՝ Երևանում մեկնարկած մրցաշարի մասնակիցներին
«Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառման շրջանակում Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է սուսերամարտի մրցաշարը: Այն կանցկացվի սեպտեմբերի 12-13-ը:
Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի դպրոցի տնօրեն Արտաշես Մադոյանն ասաց, որ ճկասուսեր զենքաձևի մրցումներին մասնակցում են 2008 թվականին ծնված և ավելի փոքր տարիքի աղջիկներ և տղաներ: Մասնակիցներից 15-ը աղջիկ են, 23-ը՝ տղա:
Նա ասաց, որ մրցաշարին մասնակցում են Երևանի և Գյումրի մարզադպրոցների սաները: Սեպտեմբերի 13-ին մրցաշարը կշարունակվի խոցասուսեր զենքաձևով:
Անդրադառնալով սպորտաձևի հանդեպ հետքրքրվածությանը՝ նա նշեց, որ գործում է 3 մարզադպրոց Երևան քաղաքում, մեկական՝ Գյումրիում և Վանաձորում: «Մեր հավաքական թիմերը պարբերաբար մասնակցում են Եվրոպայի և Աշխարհի բոլոր առաջնություններին երեք տարիքային խմբում՝ պատանիների, երիտասարդների և մեծահասակների: Ունեցել ենք բավականին հաջող արդյունքներ, եղել են հաղթողներ և մրցանակակիրներ: Երեխաների հետաքրքրվածությունը բավականին մեծ է, միայն այսօր մասնակցում է մոտ 40 երեխա, մոտավոր այդքան էլ կլինեն վաղը»,- ասաց նա:
Երեխաներին ողջունելու էր եկել նաև Ռուսաստանից ժամանած Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը, ով հաջողություն մաղթեց մրցաշարի մասնակիցներին: Նա ընդգծեց՝ շատ ուրախ է, որ Հայաստանում է և շատ հաճելի է, որ հնարավորություն ունի ներկա գտնվել մրցաշարին:
«Ուզում եմ ողջունել բոլորին, շատ հաճելի է մասնակցել նման միջոցառման հայրենիքում և լինել այսքան շատ երեխաների կողքին, ովքեր զբաղվում են իրենց սիրելի սպորտաձևով: Ես մաղթում եմ, որ դուք այսօր հաճույք ստանաք և, եթե դուք պարտվեք, դա այնքան էլ սարսափելի չէ, քանի որ ձեր կյանքում դեռ կլինեն շատ պարտություններ և հաղթանակներ, իսկ պարտությունները ձեզ կդարձնեն էլ ավելի ուժեղ: Առանց վախենալու այս օրը վայելեք և միշտ ժպտացեք»,- ասաց Եգորյանը:
«Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ուրախությամբ փաստեց, որ կարողացել են առաջին անգամ «Մոսկվայի օրերի» շրջանակում կազմակերպել սպորտային մրցաշարեր:
«Հույս ունենք, որ սա կդառնա ավանդույթ և կունենա շարունակություն: Մեզ շատ հաճելի է, որ այսօր այստեղ մեզ հետ է նաև Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը: Փոքր տարիքում մեզանից շատերը իրենց հերոսներն են ունեցել և ձգտել են նմանվել նրանց: Եվ այս կարող եք նմանվել Յանա Եգորյանին, քանի որ նա հասել է իր նպատակին և առաջինն է ամբողջ աշխարհում»,- ասաց Կարապետյանը: