«Տեսանյութը հրապարակելուց մեկ օր անց Պանթեոն են եկել Լոռու մարզպետը, Վանաձորի նոր քաղաքապետը, քարի ցեխի տնօրենը». Պատերազմում նահատակվածի մայր
Դեռևս օգոստոսի 20-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի զինվորական պանթեոն այցելության ժամանակ, 168.am-ի հետ զրույցում 44-օրյա պատերազմում նահատակված Սարգիս Խաչատրյանի մայրը՝ Նելլի Մանուկյանը, բարձրաձայնել էր, որ Պանթեոնում բոլոր շիրմաքարերն անորակ են, մեկ տարի չկա, որ դրանք տեղադրվել են, արդեն ճաքել են։
Նա միաժամանակ ասել էր, որ պատերազմից արդեն 2 տարի է անցել, սակայն տղաներ կան, որոնք դեռևս շիրմաքարեր չունեն։
«Իմ տղայի շիրիմն է, նկարը ծուռ է, բազալտները շարժվում են, արանքները բաց են, ջուրը լցվում, լրիվ պոկվում է, հողը թեքված իջնում է։ Պանթեոնը ցանկապատ չունի, 30-40 կով է եղել մեջը, տեսանյութերը կան, թե ես ինչպես եմ կովերին հանում Պանթեոնից, այս ամբողջ տարածքում, այսինքն՝ մեր զինվորների կողքին ամբողջությամբ աղբ է, աղբաման չկա, լույսերն էլ մենք մեր ուժերով ենք դրել։ Ուզում եմ հասկանալ, եթե իրենք չէին ուզում անել, թող ասեին՝ գնացեք, ձեզ ենք թողնում, դուք՝ ձեր երեխաները, գնացեք դուք էլ սարքեք՝ մեկ է, ցավը մերն է։ Երկու տարի է՝ օր չկա, որ մենք հանգիստ քնենք»,- ասել էր Նելլի Մանուկյանը։
168.am-ն այսօր տիկին Նելլիից հետաքրքրվեց, թե պատկան մարմինները որևէ կերպ արձագանքե՞լ են իր բարձրաձայնած խնդիրներին։
«Տեսանյութը հրապարակելուց մեկ օր անց Պանթեոն են եկել Լոռու մարզպետը, Վանաձորի նոր քաղաքապետը, քարի ցեխի տնօրենը, որը շիրմաքարերն է սարքում։ Բոլորը խառնված եկել էին Պանթեոն, հիմա պարզ չէ՞, որ այդ նյութը տեսնելուց հետո են եկել։ Մեկ շաբաթվա կտրվածքով իրենք մշտապես գալիս են, հսկողություն են իրականացնում։ Սկսել են ցանկապատ կառուցել, կողքերն արդեն մաքրվում է, ծաղկանոցներն արդեն սարքում են։ Դեռ աղբամաններ չեն դրել, միայն մաքրում են, ամեն դեպքում աղբամանները պետք են, մարդիկ գալիս շիրիմներին ծաղիկներ են դնում, հին ծաղիկները չգիտեն՝ ուր գցեն։
Մեր տեսանյութը հրապարակելու հաջորդ օրն էլ եկել են, սպիտակ փոշով երեխաների քարերն են սպիտակացրել, նկարներն են մաքրել, որ եթե հանկարծ ինչ-որ մեկը գա ու հանկարծ «պրեզենտացիաներ» ուզենան ցույց տան, թե մենք խաբում ենք, նկարները որակով են։ Անձրևը եկել այդ փոշին մաքրել է, նկարների անորակությունն ավելի է երևում»,- ասաց Նելլի Մանուկյանը։
Ինչ վերաբերում է շիրմաքարերին, մեր զրուցակիցը փոխանցեց, որ կսպասեն այնքան, մինչև Պանթեոնում ցանկապատի, լույսերի և մնացած հարցերը լուծեն, ծնողները շիրմաքարերի խնդիրը կլուծեն իրենց ուժերով, քանի որ չեն պատրաստվում իրենց որդիների շիրիմներին տեսնել քարեր, որոնք ճաքած են ու անորակ։
Ըստ նրա՝ իրատեսական չէ, որ տղաների այդ անորակ շիրմաքարերը կհանեն ու տենդեր շահածները նորը կդնեն՝ այդ հարցը պետք է ծնողները սեփական միջոցներով լուծեն:
«Քանի որ եղանակը գնալով ցրտում է, հնարավոր է՝ շիրմաքարերի խնդիրը լուծենք հաջորդ ամռանը։ Երեկ եմ գնացել Պանթեոն, ջուրը քարերի արանքներից իջնում է ներքև, դե, շիրմաքարերի նկարների մասին չասեմ՝ դրանք այնքան վատ են կպցրած, որ ջուրը տակով իջնում է։ Մենք այնքան ենք սրա մասին խոսել, որ արդեն հույս չկա, որ կարձագանքեն, հիմա գոնե ցանկապատն ու լույսերը սարքեն, մնացածը մենք կանենք։ Այդ խնդիրը բարձրաձայնելու ֆոնին համացանցում ինձ այնպիսի մեկնաբանություններ են գրում, Աստված եմ կանչում, որ այդ գրողներն իմ դեմը կանգնեն ու իրենց ասածներն ասեն, այդ ժամանակ իմ արածների համար ես պատասխանատու չեմ»,- հավելեց Նելլի Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ ի սկզբանե Պանթեոնը պետք է լիներ Վանաձորի ընդհանուր գերեզմանոցի ներքևի հատվածում, ավելի տեսանելի մասում, սակայն այն այսօր ամենահեռավոր ու անտեսանելի հատվածում է ։
«Տղայիս դին պատերազմից երեք ամիս հետո եմ գտել, այդ ժամանակ արդեն Պանթեոնն այստեղ էր, ես չէի կարող փոխել, հետո գնացել ենք Պանթեոն, անգիտակից չեմ էլ իմացել՝ ուր են տանում, ինչ են անում։ Հենց սկզբում ծնողները չպետք է թույլ տային, որ այդտեղ լիներ Պանթեոնը»,- շեշտեց նա։