«Փաշինյանը, սպասարկելով թուրք-ադրբեջանական շահերը, այո է ասում նրանց բոլոր պայմաններին». Սեյրան Օհանյան
«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ախորժակը բացվել է, իսկ Թուրքիան ակտիվորեն ներգրավվել է գործընթացների մեջ՝ ձգտելով ձևավորել նոր 3+3 հարթակը: Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, և հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանն ինքն իր անվտանգության երաշխավորն է: Նախկինում 4 շերտից՝ բանակ, հայ-ռուսական քաղաքական հարաբերություններ, ՀԱՊԿ, դիվանագիտություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթաց, և տնտեսաքաղաքական համակարգն այսօր փլուզվել է»,- «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով հանրային քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ Շուշիի հռչակագիրը Թուրքիային թույլ է տվել հանդես գալ բացառապես ադրբեջանամետ դիրքորոշմամբ և Հայաստանի նկատմամբ դեռ ոտնձգության չի դիմել՝ զուտ ռուսական գործոնով պայմանավորված:
«Սակայն ակնհայտ է, որ ռուս-արևմտյան հակամարտությամբ պայմանավորված՝ Թուրքիան և Ադրբեջանը պահ անգամ չեն կորցնի մեր երկրի նկատմամբ ագրեսիվ գործողություններ վերսկսելու համար: Եվ փաստն այն է, որ եթե ոչ համարժեք, ապա գոնե արժանապատիվ դիմակայության պատրաստվելու փոխարեն՝ Հայաստանի իշխանությունները որդեգրել և հայ ժողովրդին պարտադրում են «խաղաղություն ամեն գնով» սկզբունքը՝ տեղի տալով թուրք-ադրբեջանական ճնշումներին»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանն այժմ պահանջում է ապառազմականացնել Պաշտպանության բանակը, Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, տրամադրել Զանգեզուրի միջանցք, որը պետք է լինի Լաչինի միջանցքի տրամաբանությամբ, ու նաև հանձնել որոշակի տարածքներ:
«Նիկոլ Փաշինյանը գործնականում «այո» է ասել Ադրբեջանի բոլոր պահանջներին, բացառությամբ Զանգեզուրի միջանցքի, սակայն մենք տեսնում ենք, որ օղակը սեղմվել է, քանզի բաց ենք թողել թանկագին ժամանակը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախկին նախարարը նկատեց՝ հանուն սեփական իշխանության պահպանման Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ, խաղալով Բրյուսելի և Մոսկվայի միջև՝ թուլացրել է Հայաստանի դիրքերը:
«Մենք գտնում ենք, որ հայկական կողմի համար իրավիճակը շտկելու կարևոր նախապայման է ազգային շահերով առաջնորդվող նոր բանակցող ղեկավարություն ունենալը: Իշխանափոխությունը ոչ այնքան ներքաղաքական, որքան անվտանգային հրամայական է»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում