Մեր տառապանքները չեն նվազել նաև այսօր… երբ տագնապած սրտերով կանգնած ենք ծանր մարտահրավերների առջև
Յանուն Հօր եւ Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:
Ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժան չէ…§ (Մտթ. Ժ 38):
Սիրելի քույրեր և եղբայրներ,
Անունները, անվանումներն ու պատկերներն առանձնակի նշանակություն ու կարևորություն ունեն քրիստոնեական մտածողության մեջ։ Հոգևոր մեր ընկալումներները չափազանց առատ են այդպիսի անուններով, անվանումներով ու պատկերներով։ Այս ամենի մեջ առանձնահատուկ տեղ ունի Տիրոջ Սուրբ Խաչը։ Այս պատճառով մեր Սուրբ Եկեղեցին ծիսական իր կյանքում ընդարձակ տեղ է հատկացրել Փրկչի Սուրբ Խաչի փառաբանությանը՝ Սուրբ Խաչին նվիրված տոներից մեկը ՝ Խաչի բարձրացման պատմական իրադարձության հիշատակի օրը ընդգրկելով Հայ Եկեղեցու մեծագույն հինգ տոների շարքում։
Մեծագույն` Տաղավար կոչվող այս տոներից երեքն ուղղակիորեն ընծայված են մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին՝ Նրա Սուրբ Ծննդյանը, Սուրբ Հարությանը և Սուրբ Պայծառակերպությանը, չորրորդը՝ Տիրամորը` Սուրբ Կույս Մարիամին, իսկ վերջինը` հինգերորդը` Տերունական Սուրբ Խաչին։ Սա նշանակում է, որ Սուրբ Խաչի փառաբանությունը առանցքային է քրիստոնեական կյանքում, այն ուղղակի նույնացվում է մեր Տիրոջ կյանքի ու տնօրինության հետ, նույնացվում է մի ճանապարհի հետ, որի ճամփորդը պիտի դառնա յուրաքանչյուր քրիստոնյա։
Խաչը կամավորաբար ընտրված զրկանքի, տառապանքի ու մահվան ճանապարհն է, որ ավարտվում է հաղթանակով։ Սա մի հաղթանակ չէ, որ ընծայաբերվում է, և ոչ էլ հաղթանակ, որ նվաճվում է նյութական, տեխնիկական ու տեխնոլոգիական առավելություններով։ Այս հաղթանակը կերտվում է ճշմարտության նկատմամբ աճող հավատքի, չնվազող համոզումի և անսահման սիրո ու նվիրումի շնորհիվ։ Այս ճամփորդությանն է կոչում մեզ Քրիստոս, երբ կտրականորեն պատվիրում է. ¦Ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժան չէ…§։ Սա տառապանքի, զրկանքի ու չարչարանքի քարքարոտ ու փշոտ ճանապարհն է, որ փոխհատուցվում է մխիթարությամբ ու հաղթանակով։ Քրիստոսի տառապանքը, սակայն, չունի ընդհանուր ոչինչ այն տառապանքի հետ, որն առաջանում է աշխարհային մտահոգություններից ու հոգսերից։
Քրիստոսի տառապանքով չեն կարող մխիթարվել նրանք, ովքեր տառապում են, այո՜, տառապում են, բայց ընչաքաղցությունից, սեփական դիրքն ու կարողությունները պահպանելու մոլուցքից, չեն կարող մխիթարվել նրանք, ովքեր պարզապես բավարարված չեն իրենց բարեկամներից ու ընկերներից, դժգոհ են իրենց անհարմարություններից: Քրիստոսի խաչով չեն կարող մխիթարվել անգամ նրանք, ովքեր մարդկային մահով ամեն ինչ ավարտված են համարում, և նրանց համար մահն անսահման ամայություն է ու դատարկություն։ Քրիստոսի խաչի տառապանքը մխիթարություն է բերում նրանց համար, ովքեր հրաժարվել են սեփական հավակնություններից, որոնց կյանքը սեր, զոհողություն ու բարություն է թարգմանվում։
Շատ են, չափազանց շատ են Տիրոջ սուրբ խաչի հակառակորդները։ Ահա դրանցից մեկը: Տեսնում ենք, թե ինչպես է մարդասիրության դրոշի ներքո մերժվում ու ժխտվում Աստվածսիրությունը, թե ինչպես է փորձ արվում Աստուծո պատվանդանին բազմեցնել մարդկային պատկերը, թե ինչպես են սրբացվում մարդկային կամքը, իրավունքներն ու ազատությունները, մարդկային քմահաճույքներին զոհաբերվում պարզ խելամտությունը և անգամ` Աստվածային կամքը: Այսպես է լինում, որ բարոյազրկումն ու այլասերությունը դառնում են օրինաչափ: Ահա այս պատճառով, ինչպես ասում է Պողոս առաքյալը. ¦…Աստված նրանց /մարդկանց/ մատնեց անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխեցին անբնական կարիքով: Նույնպես և արուները թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին նրանց հանդեպ§/Հռոմ. Ա 26/:
Տիրոջ Սուրբ Խաչի խորհուրդի ոխերիմ հակառակորդ է եսակենտրոնությունը` մարդկային բոլոր ողբերգությունների պատճառը, որը չի հանդուրժում իրենից զատ այլ հեղինակություն, որը ճանաչում է միայն ու միայն մեկ աշխարհ՝ իր շուրջ պտտվող մոլորակը։ Կենդանական ինքնապահպանության բնազդերգի ներքո է կառուցվում եսակենտրության սև ամրոցը, որի պատերից ներս տեղ չի մնում Աստվածսիրությանը, հայրենասիրությանն ու եկեղեցասիրությանը։
Երեւակայեք, թե որքա՜ն տանջանք ու տառապանք կա այդ մարդու սրտում, որքա՜ն վախ ու տագնապ, որքա՜ն մաղձ ու դժգոհություն, բայց, ավաղ, սա Խաչի տառապանքը չէ: Սա տառապանքն է ինքնակենտրոն ու ինքնակիզվող մեղապարտի, որի ավարտը ավելի սարսափելի է քան հենց՝ ինքը տառապանքը։
Խաչի նենգ ու կատաղի հակառակորդ է մարդահաճությունը, բոլորին ու ամենքին դուր գալու հիվանդագին մոլուցքը, որ փաթեթավորվում է քաղաքավարության ու նրբանկատության երփներանգ ժապավեններով։
Այս ախտի պատճառով են բառերը սահում իրենց շավիղներից: Բառերը սպանվում են, լեզուն` ոչնչացվում: Վախկոտությունն ու մորթապաշտությունը թաքցվում են խոհեմության ազնվագույն թիկնոցի տակ, արկածախնդրությունը, վրեժխնդրությունն ու հավակնոտությունը քողարկվում սկզբունքայնության շքեղ պատմուճանով։
Մինչդեռ, այո, խաչի ճանապարհը պարզ է, անսքող ու մերկ. պարզ, ինչպես ինքը` Քրիստոս, անսքող` ինչպես Խաչյալը, և մերկ` ինչպես ճշմարտությունը: Խաչի խորհուրդը երեսպաշտություն ու մարդահաճություն, ցուցամոլություն ու արտաքնապաշտություն չի հանդուրժում: Խաչի խորհուրդը լուռ, նպատակային ու հետեւողական ճամփորդությունն է, ճամփորդություն տառապանքի դիմագրավման միջոցով դեպի հաղթանակ:
Այս հանձնառությանն ենք կոչված մենք, սիրելի քույրեր եւ եղբայրներ, Քրիստոսի խաչի ճանապարհով հաղթանակի հասնելու առաքելությանը։
Մենք շատ ենք տառապել, տառապել ենք արհավիրքներից, տառապել ենք թշնամական արշավանքներից, հարձակումներից ու ոճրագործություններից, տառապել ենք ցեղասպանությունից, գաղթից ու հայրենազրկումից, մշակութային ու հոգևոր եղեռնից, տառապել ենք, բայց չի ավարտվել մեր պատմությունը, չի ավարտվել մեր ճամփորդությունը։
Մեր տառապանքները չեն նվազել նաև այսօր, երբ արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական իրադարձությունները հանգեցրել են մարդկային, տարածքային, մշակության ու նյութական ահռելի կորուստների, երբ տագնապած սրտերով կանգնած ենք ծանր մարտահրավերների առջև։
Այսօր հանգիստ չի տալիս մեզ հարցը. ¦արդյո՞ք մեր տառապանքը խաչի տառապանքն է, արդյո՞ք մենք տառապում ենք, չարչարվում ենք, որովհետև ճանապարհորդակից ենք Քրիստոսին, թե՞ տառապանքը ծնվում է մոլությունից ու կրքերից, տառապանք, որ առաջանում է Աստվածմերժումից ու հոգեպարպումից։ Արդյո՞ք մենք հետեւեցինք խաչը հանձն առնելու Տիրոջ կտրական կոչին, արդյո՞ք հանձն առանք խաչի ճանապահը՝ եսակենտրոնությունից, երեսպաշտությունից, ընչաքաղցությունից հրաժարվելու ճանապարհը§։
Սուրբ Խաչի տոնի այս առավոտ հավաքվել ենք այս սուրբ եկեղեցում դիմելու Աստծուն. ¦Ո՞րն է, Աստված, ելքը, ո՞րն է, Տեր, ճշմարիտ ճանապարհը, ինչո՞վ պիտի ավարտվի մեր այս տառապանքը §։ Բայց Աստված ինքը, ինքը Աստված ցույց է տվել ճանապարհը, ցույց է տվել իր մարգարեների ու առաքյալների միջոցով, իր խաչյալ Որդու օրինակով։
Քրիստոս հաշտության կոչ է ուղղում, Խաչով հաշտության, այնպես ինչպես ինքը Խաչով հաշտեցրեց Աստծուն մարդկանց հետ: Պետք է հաշտվել, բայց ոչ համակերպվել ու պարզապես հանդուրժել միմյանց, պետք է համախմբվել խաչի շուրջ: Պետք է ոչ թե միայն խոսել Խաչի մասին, այլ լինել Խաչի մոտ, լինել դեպի հաղթանակ առաջնորդող Խաչին գամված: Լինել այնտեղ, ուր «ես»-ը զոհաբերվում է «Է»-ին, մարդը խոնարհվում է Աստուծո առաջ, մարմինը ծառայում է հոգուն, իսկ նյութը` սպասավորում` Սիրուն:
Սիրելի քույրեր և եղբայրներ,
Այս ճանապարհն է միակն ու անկրկնելին` կամ խաչի ճամփորդ ես եւ կամ` մոլորված շրջմոլիկ: Մենք ենք որոշում` լինել խաչի ճամփորդ` Աստվածապաշտ, թե անձնապաշտ ու անուղի մի թափառական: Աստված ինքը մեկնել է Իր Ձեռքը մեզ եւ այդ Ձեռքը անհոգնաբեկ սպասում է մեզ. ¦Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ և ես հանգիստ կտամ ձեզ§ /Մատթ. ԺԱ 28/:
Երկարենք մեր ձեռքը, բռնենք Աստուծո Աջը եւ Նա մեզ կառաջնորդի Խաչի ճանապարհով, մի ճանապարհ, ուր փշերը վարդերի են վերածվում, վիշտ ու տառապանքը ուրախության ու խնդության են փոխակերպվում, խաչելությունը հարություն է դառնում, իսկ պարտությունը հավիտենական Հաղթանակով է պսակվում: Այս խաչի ճամփորդության մեջ պիտի ուրանանք մեր անձը և արժանի դառնանք մեր Փրկչին, քանզի ¦ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժան չէ…§, ասում է Քրիստոս, որին փառք հավիտյանս հավիտենից։
Շնորհք, սէր և խաղաղութիւն եղիցի ընդ ձեզ և ընդ ամենասեան: Ամեն: