Իրանը կառուցողական չի անվանել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հայտարարությունը ԳՀՀԾ-ի վերաբերյալ

Իրանն արձագանքել է ապակառուցողական հայտարարությանը, որը հրապարակել են եվրոպական երեք խոշոր տերությունները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի վերաբերյալ, տեղեկացրել է Mehr-ը։

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանաանին նշել է բանակցություններում Իրանի մտադրությունների լրջության մասին և ասել, որ «բանակցությունների առաջընթացը տարբեր փուլերում, այդ թվում և վերջին փուլում, ձեռք է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնությունների և գաղափարների շնորհիվ»։

Քանաանին նշել է, որ եվրոպական տերություններն» ընկել են իսրայելական վարչակարգի հոգեբանական պատերազմի ազդեցության տակ, որը ջանքեր չի խնայում, որպեսզի բանակցությունները հասցնի լիակատար տապալման»։

Նա խորհուրդ է տվել եվրոպական երեք երկրներին ավելի ակտիվ դեր խաղալ՝ դիվանագիտական գործընթացը խափանելու փոխարեն, որպեսզի լուծվեն մնացած փոքրաթիվ տարաձայնությունները։

Իրանի ներկայացուցիչն ընդգծել է հարցի քաղաքականացումից և Իրանի դեմ չհիմնավորված մեղադրանքներից խուսափելու անհրաժեշտությունը և ասել է, որ «ափսոսում է, որ եվրոպական երկրները, մի կողմից, լիովին աջակցում են հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ ունեցող վարչակարգին և չեն պահպանում չտարածման միջազգային ոչ մի մեխանիզմ, մյուս կողմից՝ նրանք ստեղծում են մթնոլորտ Իրանի Իսլամական Հանրապետության, որը գտնվում է ամենալայն պատժամիջոցների ներքո, միանգամայն խաղաղ միջուկային ծրագրի դեմ»։

Նա նաև խորհուրդ է տվել եվրոպացիներին իրանական ժողովրդին վախեցնելու մարտավարություն չբանեցնել։

Այնուհեև Քանաանին ասել է, որ «ԱՄՆ-ի ճնշման քաղաքականության տապալումը պետք է լավ դաս ծառայի բոլոր կողմերի համար, որոնք չիմացության պատճառով համարում են, որ սպառնալիքները և պատժամիջոցները կարող են խանգարել իրանական ժողովրդին հասնել իր իրավունքներին և պաշտպանել իր շահերը»։

ԻԻՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղարն ավելացրել է, որ Իրանը համաձայնագիր կնքելու ցանկություն և պատրաստակամություն ունի և կարծում է, որ անհրաժեշտ կամքի առկայության դեպքում առաջիկայում կարելի է հասնել դրան։

Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան հայտարարել էին, թե հիասթափված են բանակցություններում Իրանի՝ 2015թ. միջուկային համաձայնագիրը (Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագիր՝ ԳՀՀԾ – խմբ.) վերականգնելու պահանջից, որպեսզի «ՄԱԿ-ի միջուկային վերահսկողությունը փակի երեք օբյեկտներում հայտնաբերված ուրանի մասնիկների հետաքննությունը»։

Դիվանագետները հայտարարել են, որ Իրանի պատասխանը ԵՄ համակարգողին հետընթաց է, քանի որ փորձում է համաձայնագրի վերականգնումը կապել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ)՝ ուրանի հետքերի հայտնաբերման հետաքննության փակման հետ։

«Այս վերջին պահանջը Իրանի մտադրությունների մասին լուրջ կասկածներ է առաջացնում»,- նշվել է ԳՀՀԾ-ի մասնակից երեք երկրների հայտարարությունում։- Իրանի դիրքորոշումը հակասում է նրա իրավաբանական պարտավորություններին և սպառնալիքի տակ է դնում ԳՀՀԾ-ի վերականգնման հեռանկարները»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն հրաժարվեց միջուկային գործարքից 2018թ. և նորից պատժամիջոցներ մտցրեց Իրանի դեմ։ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ը որոշել է վերադառնալ միջուկային գործարքին և Վիեննայում նախաձեռնել է ԳՀՀԾ-ի վերականգնման բազմամսյա բանակցություններ։

Տեսանյութեր

Լրահոս