
Փաշինյանը Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման և Ադրբեջանի հետ սահմանազատման հնարավորություններին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Փաշինյանին դիմավորել են Տեր Սարգիս Քահանա Փարախչյանը և Վլադիվոստոկի հայ համայնքի ղեկավար Հարություն Ավեդյանը: Նա նախ կատարել է մոմավառություն, այնուհետև ծաղիկներ խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի և Հայրենական Մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված խաչքարերի մոտ:
Այնուհետև նա պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վլադիվոստոկ կատարած աշխատանքային այցին, ՌԴ նախագահի հետ հանդիպմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Ադրբեջանի հետ սահմանազատման հնարավորություններին:
Ի պատասխան ներկաների հարցերի` Փաշինյանը խոսել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության, մեր երկրում բիզնեսի համար ստեղծվող պայմանների, կառավարության առաջնահերթությունների, բանակի և այլ թեմաների շուրջ: