Իրանը հայտարարել է մարտական անօդաչուներով իր օդուժի մատակարարման լիակատար ինքապահովման մասին
Իրանը 100-տոկոսանոց ինքնապահովման հասել է մարտական անօդաչու թռչող ապարատներով իր ռազմաօդային ուժերի մատակարարման հարցում: Սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Համիդ Վահեդին:
«Մենք 100-տոկոսանոց ինքապահովման ենք հասել անօդաչու օդուժի բնագավառում, բայց չպետք է ոչ մի վայրկյան կանգ առնենք այդ ջանքերում, որովհետեւ դադարն այս ոլորտում հանգեցնում է հետ մնալու,- մեջբերում է անում ԻՍՆԱ գործակալությունը Վահեդիի խոսքից, որն այցելել է Թավրիզում (Արեւելյան Ադրբեջանի նահանգ) Իրանի ռազմաօդային ուժերի ռազմակայան:- Մենք լավ առաջընթացի ենք հասել անօդաչու թռչող ապարատների բնագավառում, ռազմաօդային ուժերը գնել են երկու շատ արժեքավոր դրոններ՝ «Քաման-12» եւ «Քաման-22»: Մենք տարածաշրջանում առաջիններից մեկն ենք անօդաչու օդուժի բնագավառում: Մեր հնարավորություններն օրեցօր աճում են, եւ մենք այս բնագավառում լավ նորություններ կլսեք մոտ ապագայում»:
Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարը նաեւ նշել է երկրի պաշտպանական արդյունաբերության հաջողությունները մարտական ինքնաթիռներում ռադարների արդիականացման, բարձր ճշգրտության ռումբերի, մեծ հեռահարության հրթիռների եւ «օդ – օդ» դասի հրթիռների արտադրության բնագավառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: