«2 նկար պետք է դնել իրար կողքի և տեսնել, որ Նիկոլից վախենալը, իրականում, ամոթ է». Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ հորինում է հեքիաթ խաղաղության մասին, իսկ հաջորդ շաբաթ այդ հեքիաթն ավելի ահասարսուռ դարձնելու համար որպես այլընտրանք՝ առաջարկում պատերազմը:
«Այսօր լսում էի, թե ինչպես է Վլադիվոստոկում հերթական անմակարդակ ստերը խոսում՝ աշխարհի մի մասի ղեկավարների մոտ: Փորձում էր քծնանքով, էժանագին ստերով այս անգամ ՌԴ նախագահին համոզել, որ ոչինչ, որ մեկ շաբաթ առաջ Բրյուսելում ինչ-որ խոստումներ է տվել, պատրաստ է նրան ևս խոստումներ տալ: Այսինքն՝ լինի Մոսկվա թե Բրյուսել, իր համար տարբերություն չկա:
Իրեն թվում է, թե այնտեղ չեն հասկանում, որ Հայաստանում այլևս պետականություն չկա հենց իր շնորհիվ: Այնտեղ շատ լավ հասկանում են, թե այդ հեքիաթասացին ինչպես պետք է մեկնաբանեն: Մի պարզ տրամաբանությամբ՝ ինչ կարող են, դա պետք է իրենից քաղեն՝ իրենց պետական շահերի և հետաքրքրությունների շրջանակում: Հայաստանն այնտեղ չկա:
Դուք պատկերացնում եք, չէ՞, Բրյուսելում և Մոսկվայում ինչքան ծիծաղելի է, երբ Նիկոլը խոսում է խաղաղությունից, երբ ամբողջ աշխարհը գերլարված քաղաքական ցնցումների մեջ է, ինքը փորձում է Բրյուսելում համոզել, որ գնացել է խաղաղության համար, փորձում է Մոսկվայում համոզել, որ եկել է խաղաղության համար:
Մի օբյեկտիվ հարց, որը կարող է առաջանալ և՛ Բրյուսելում, և՛ Մոսկվայում՝ եթե դու այդ խաղաղությունը կապում ես Բրյուսելի հետ, ինչն այս պահի դրությամբ հակադրված է Մոսկվայի քաղաքականությանը, ապա ինչո՞ւ էր նոյեմբերի 9-ը Մոսկվայի բարձր հովանու ներքո: Եվ հակառակը, եթե այդ ամենը պետք է լինի Մոսկվայում, հիմա ինչո՞ւ ես գնում՝ Բրյուսելում խոստումներ տալիս հենց Ալիևին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Աննա Մկրտչյանն ուրախ է, որ տարբեր քննարկումների ժամանակ մարդիկ ոչ թե հարցնում են՝ դավաճանությո՞ւն է եղել, այլ մտածում են՝ ինչպես այս ամենից ազատվել.
«Որևէ մեկի մոտ այլևս այս հարցը լրացուցիչ ապացուցողական բազա ներկայացնելու կարիք չունի, որովհետև ցանկացած շրջանակում երբ հարցը եղել է՝ ո՞վ է գլխավոր դավաճանը, այս հարցի պատասխանը հայ հասարակությունն ունի: Մեզ մնում է կոնսոլիդացիան մեր համոզմունքի շուրջ, մեր պատրաստակամության շուրջ, կամք դրսևորելով՝ ուղղակի սրանց վռնդել: Այն հետապնդումները, որ հիմա սկսվել են մեր, Արցախի բարձրաստիճան զինվորականների նկատմամբ, ցավում եմ այս արտահայտության համար, բայց պիտի անեմ՝ որոշակի տրամաբանական ճանապարհի մեջ եմ դա դիտարկում: Երբ դու փորձում ես հարմարվել, համակերպվել Նիկոլի հետ, փորձում ես ցանկացած տեսակի հարաբերություն ստեղծել՝ մի տեղ անտեսելով, մի տեղ սեփական առավելությունդ կոլեգաներիդ հանդեպ ընդգծելու և ինչ-որ կարգավիճակներ ստանալու համար, իհարկե, մեծ է գայթակղությունը՝ ասել, որ Նիկոլի հետ լեզու գտնել փորձողի պրոբլեմն իր անձնականն է: Բայց դրա արդյունքում մենք հիմա ունենք անդառնալի կորուստներ՝ կյանքերի և մեր հայրենիքի տեսքով»:
Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս կարող է խոսել կրթության որակից. «Դու անում ես ամեն ինչ, որ այս երկրում որակ, կրթություն, հեղինակություն, անցած ճանապարհ, ամեն ինչ զրոյանա: Նիկոլի իրական դեմքը տեսնելու համար ընդամենը 2 նկար է պետք դնել իրար կողքի ու անդադար տեսնել, որ սրանից վախենալը, իրականում, ամոթ է, սրա արած գործողություններից կաշկանդվելը, սրան ծառայելը, սրա հետ հարաբերությունների մեջ մնալը ամոթ է. Բրյուսելում, թե ինչպես է կզած Ալիևի մոտ, և Վլադիվոստոկում, թե ինչպես է հեռու նստած, կզած Վլադիմիր Պուտինի մոտ: Սա է այդ մարդու իրական դեմքը, սա է հիմա ներկայացնում Հայաստանը»:
Պատգամավորը նկատեց՝ տարբեր մարդիկ տպավորություն են փորձում ստեղծել, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցն անլուծելի է.
«Ես վստահեցնում եմ, որ լուծելի է: Խնդիրն այդ լուծումը փնտրող մարդկանց կամքի և պատրաստակամության մեջ է: Եթե մեր շարքերում հայտնվում են մարդիկ, որոնք մտածում են՝ դե լավ, ամեն դեպքում երևի այս մարդկանց հետ ինչ-որ մի բան փորձեն, որովհետև մի երկու ամիս հետո անձնական ինչ-որ հարց են ունենալու, կամ հո ամեն օր ԱԱԾ զանգերին չե՞ն պատասխանելու, կամ հո ամենամեծ հանցագործը չե՞ն, որ ՔԿ-ն նրանց վերաբերյալ 20-30 հատոր նյութ պատրաստի: Շատ մարդիկ վախենում են, եթե վաղը հաղթահարենք, այդ ժամանակ Նիկոլը կդառնա այն նույն վաշխառուն, որն իր թերթի էջերի տպագրության համար սրանից-նրանից գումար էր շորթում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում