«Այդտեղից են սկսվում բոլոր տեսակի խաբեություններն ու մանիպուլյացիաները․ Ուշադիր եղեք…». Կարեն Ճշմարիտյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խուսափել մանիպուլյացիաներից
Վերջերս պարբերաբար հանրայնացվում են տնտեսության իրավիճակի տարբեր կարգի վերլուծություններ։
Դրանցում երբեմն աչքի է զարնում զգալի մասնագիտական խոտանը, որոնց մանիպուլյատիվ ազդեցությունը ձևավորվում է տնտեսության գոյատևման ու զարգացման կարևորագույն հիմնարար պայմանները մեթոդաբար շրջանցելու և անտեսելու միջոցով։
Այս ընդհանրացված ակնարկը վերաբերում է հենց այն անհրաժեշտ հիմնադրույթներին, որոնք մեթոդաբար անտեսվում են, և որի հետևանքով.
առաջին՝
ակտիվացել են այն անփորձ «փորձագետները», որոնց խոսույթը սկսել է կրել այդ խոտանի ազդեցությունը,
և երկրորդ՝
երիտասարդ տնտեսագետները հայտնվում են լարած թակարդում, և տրվում են քառակուսի հատվածային մտածելակերպով ու ստանդարտ մոդելներով ձևակերպված տարբեր կարգի մանիպուլյացիաներին։
Մանիպուլյացիաներից խուսափելու համար պարզապես պետք է միշտ հիշել…
Առաջին՝
համեմատություններ, զուգահեռներ, կամ նմանություններ չեն կարող լինել այն տնտեսությունների միջև, որոնցից մեկը գործում էր լիակատար ապահով, անվտանգ, կանխատեսելի, կայուն և համընդհանուր զարգացմանը միտված միջավայրում, իսկ մյուսը գոյատևում է տնտեսության համար ելակետային ու հիմնարար տվյալների(աշխարհագրական տարածք, հաղորդակցության ուղիներ և ռեսուրսներ) բացակայության, անորոշության, արտաքին ու ներքին պետական քաղաքականության անկայունության, աշխատուժի (տնտեսությունն արարողի) բարձր հոսունության, և ամենակարևորը՝ աշխատուժի և մնացած բոլոր ռեսուրսների գոյաբանական սպառնալիքի պայմաններում։
Հետևաբար, անցյալ որևէ ժամանակաշրջանի հետ որևէ համեմատությունը մեղմ ասած՝ անմտություն է։
Երկրորդ՝
հիմնական ու որոշիչ տնտեսական արդյունքը ստեղծվում է իրական հատվածում, և բացառապես աշխատանքով, և ոչ թե, և ոչ միայն տոկոսադրույքներն ու փոխարժեքները կարգավորելով։ Եթե տնտեսական արդյունք ստեղծելուն անհրաժեշտ պայմաններն (անվտանգություն, կայունություն, կանխատեսելիություն, որոնց ապահովումը ԿԲ-ի գործառույթը չէ) իսպառ բացակայում են, ապա տոկոսադրույքներն ու փոխարժեքները վերև-ներքև տանելով միայն ժամանակավոր փոփոխության պատրանք է ստեղծվում, և ոչ թե իրական, շոշափելի և հեռանկար ապահովող արդյունք։ Հետևաբար, ամեն ինչ կապել բացառապես ԿԲ-ի շատ սահմանափակ գործիքակազմի արդյունավետության հետ՝ թերի է, և անիմաստ։
Երրորդ՝
«քաղաքականությամբ չզբաղվող» «փորձագետների», տարբեր գիտնականների, «խորհրդականների» և ՀԿ-երի կողմից պատասխանատուներից որևէ դրական քայլ հուսալը, պահանջելն ու խնդրելն այն պարագայում, երբ հենց պատասխանատուներն են բարեփոխումների անվան տակ հեղինակում համարյա բոլոր անհիմն, անտեղի ու չգործող սահմանափակումները, և դրանցով իրականում խթանում տնտեսական ոլորտի ավերածությունները՝ շատ մեղմ ասած՝ մասնագիտական ու քաղաքացիական մանկամտություն է։
Չորրորդ՝
այս պայմաններում բարձրաձայնել միայն ռազմավարության բացակայության, պետական բյուջեի կապիտալ ծախսերի իրացման անբավարարության, բարձր գնաճի, արտարժույթի գնի, պետական պարտքի, կանխիկ արտարժույթը Հայաստանի բանկերից ստանալու սահմանափակումներից (հիշեցնեմ՝ Հայկական դրամի կանխիկացումից բանկերը տարիներ շարունակ գանձում են 1-2%), և այլ կարևոր, կամ ածանցյալ թեմաներից, իսպառ չանդրադառնալով անկյունաքարային ու հիմնարար խնդիրներին, այն է՝ տնտեսության գոյատևման համար պարտադիր երեք պայմանների (անվտանգություն, կայունություն, կանխատեսելիություն) բացակայությանը՝ շատ մեղմ ասած՝ թերի է։
Հինգերորդ՝
հիմնական թեմայից դուրս, մեթոդական, բայց կարևոր.
անմիջապես պետք է դադարել որևէ բանախոսին լսելը հենց այն պահից, երբ արտասանում է՝ «աշխարհի փորձը», կամ «ողջ աշխարհում այսպես է» արտահայտությունները, և օրինակ է բերում այս կամ այն երկրի, կամ ԱՄՆ-ի ինչ-որ նահանգի որևէ կարգավորում։
Այդտեղից են սկսվում բոլոր տեսակի խաբեություններն ու մանիպուլյացիաները։
Ուշադիր եղեք…»