«Ձեն էինք տալիս՝ հա՞յ եք, ասում էին՝ հա, հայ ենք, բայց գնում էինք առաջ, կրակում էին». վաշտի հրամանատար
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, տեղի է ունեցել պատերազմի ընթացքում մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը, որի շրջանակներում որպես վկա ցուցմունք է տվել ուսումնական վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը։
Դատական նիստի ընթացքում հարցաքննության ժամանակ նա պատմել է, որ Իշխան Վահանյանի հետ ծառայողական հարաբերություններ ունի, և, որ կռվի ընթացքում եղել են մինչ Խուռհատ սարիվրա և հակառակորդի հարձակման ժամանակ ընկել են շրջափակման մեջ:
«Խուռհատ սարի վրա եղել են բազմաթիվ վիրավորներ, օգնություն էինք ցուցաբերում, այդ ժամանակ լսել ենք, որ գումարտակի հրամանատարն ասել է՝ վիրավոր եմ, նստել է վիրավորների մեքենան և գնացել է: Դրանից հետո մենք ընկել ենք շրջափակման մեջ, 4-5 ժամ չենք կարողացել դուրս գալ, որովհետև ճանապարհ չկար, որտեղ բարձրանում էինք, կրակում էին մեր ուղղությամբ: Դրանից հետո զանգեր ենք արել, որովհետև ռադիոկապ չենք ունեցել վերադասի հետ: Եղել ենք ես, ականանետային դասակի հրամանատարը և վաշտի ավագը: Որտեղ որ բարձրացել ենք, կրակել են, չեն թողել դուրս գանք:
Սարի դոշով շրջանցելով մի կերպ 60-65 զինծառայողների հետ կարողացել ենք դուրս գալ շրջափակումից»,-պատմել է Գրիգորյանը:
«Դիրքավորված ենք եղել, անձնակազմը բացազատված է եղել Խուռհատ սարի երկարությամբ: Դիմացից հրետանին կրակում էր Հադրութի ուղղությամբ, դե, Հադրութը մեր հետևում էր, Ջաբրայիլն էլ մեր դիմացն էր: Հակառակորդը հրետակոծում էր Հադրութ քաղաքը, մի երկու սնարյադ կարող է գար ընկներ մեր կողքերը սարի: Հետո աղմուկ եղավ, թե հրադադար է լինելու, բայց հրադադարի ժամանակ ավելի ծանր մարտեր են եղել, արդեն հրետանակոծում էին կոնկրետ Խուռհատ սարը՝ հետևից ու դիմացից»,-մանրամասնել է վկան՝ լրացնելով, որ չկարողանալով կասեցնել հակառակորդի հարձակումը, տեղում որոշել են հետքաշվել, և, որ շրջափակման մեջ իմացել են, որ Հադրութը հակառակորդի վերահսկողության տակ է:
«Մինչև «Թութակներ» հասնելը գյուղ կա, այդտեղ էլ հակառակորդ կա ասեցին, ձեն էինք տալիս՝ հա՞յ եք, ասում էին՝ հա, հայ ենք, բայց գնում էինք առաջ, կրակում էին»,- պատմել է վաշտի հրամանատարը՝ նշելով, որ հոկտեմբերի 12-ին են «Թութակների» ուղղությամբ եղել շրջափակման մեջ:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նորակոչիկները մարտական պատրաստություն անցել էին, տիրապետել են հմտություններին՝ Հայկազ Գրիգորյանը պատճառաբանել է, թե կորոնավիրուսի համավարակի շրջանում էր, նորակոչիկները պատրաստություն չեն անցել, երդմնակալության արարողությունն է եղել:
Իսկ, թե ով է հրաման տվել՝ զենքին չտիրապետող, անգամ՝ զենք քանդել-հավաքել չկարողացող նորակոչիկներին մարտադաշտ տանել՝ վկան պատասխանել է՝ գումարտակի հրամանատարը։