«Հայկ Մարությանը պետք է հրապարակում ծնկի և ներողություն խնդրի հասարակությունից». Արեգ Բարսեղյան
«Ի՞նչ չափանիշների կարող է համապատասխանեցնել հայկական կրթական համակարգը Նիկոլ Փաշինյանը կամ նրա թիմը: Մենք տեսել ենք Արայիկ Հարությունյան նախարար, Վահրամ Դումանյան նախարար, որին ոչ ոք չի ճանաչում, որն ինքը չգիտի՝ ինչ է անում կրթության նախարարի պաշտոնում»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց կրթության փորձագետ Արեգ Բարսեղյանը՝ անդրադառնալով բուհերն Աշտարակ տեղափոխելու՝ կառավարության մտադրությանը:
«ԵՊՀ գեղեցիկ շենքը շատ հրապուրիչ է որոշ բիզնեսմենների համար, որոնք ցանկանում են հյուրանոցային համալիրներ այդտեղ բացել:
Բայց ես առնվազն չեմ կարող մտաբերել մի հաջող օրինակ աշխարհում, որ ունենալով 100 տարեկան համալսարան, ինչ-որ մեկի մտքով անցնի այդ համալսարանները վերցնել, միավորել, այլ տեղերում, այսպես կոչված՝ ակադեմիական քաղաքներ հիմնել:
Ակադեմիական քաղաքներ հիմնել են 200-300 տարի առաջ, և այդ ժամանակվանից սկսած այդ ակադեմիական քաղաքը դարձել է կրթության չափորոշիչ՝ ամբողջ աշխարհի համար: Բայց ոչ ոք իր 100 տարվա համալսարանը չի վերցրել ու տեղափոխել այլ տեղ՝ ինչ-որ փորձարկումներ անելու համար: Մեր հիմնական համալսարանները 100 տարուց ավելի աշխատում են, և խնդիրը լուծելու համար եկեք՝ այլ տարբերակներ գտնենք»,-ընդգծեց նա:
Արեգ Բարսեղյանի խոսքով՝ կրթության զարգացման համար նախ պետք է կազմակերպել կրթական համակարգի զարգացման հայեցակարգ. «Դա ենթադրում է հիմնասյուներ, որոնց վրա պետք է հիմնվի կրթության համակարգի զարգացումը. Ինչպիսի՞ն ենք մենք տեսնում մեր կրթական համակարգը 30, 40, 50 տարի հետո, ինչպիսի՞ն ենք տեսնում կրթական համակարգը, որը պետք է պատրաստի այս պետության համար իքս տեսակի հասարակություն: Բայց մենք այսօրվա դրությամբ չունենք նաև այս տեսլականը, թե ինչպիսի հասարակություն ենք ուզում տեսնել, ուստի չենք կարող դա պրոյեկտել կրթական համակարգի զարգացման վրա»:
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը վերսկսում է իր ստեղծագործական աշխատանքը և առաջիկայում «Քաղաքապետը» մոնոներկայացումով է հանդես գալու: Արեգ Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ գնալո՞ւ է Մարությանի ներկայացմանը:
«Ես Հայկ Մարությանին վճարելու գումար չունեմ: Հայկ Մարությանին լսելու ականջ չունեմ: Հայկ Մարությանն այն մարդն է, որն այս հասարակությանը, ըստ էության, բաժանել է սևերի և սպիտակների:
Հայկ Մարությանը մինչև դուրս չգա՝ Հանրապետության հրապարակում չծնկի և բոլոր հեռուստաընկերությունների տեսախցիկների առջև ներողություն չխնդրի ամբողջ հասարակությունից, նա պետք է մնա ոչնչության մակարդակում»,-ի պատասխան՝ ասաց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում