ԱՄՆ իշխանություններն առաջիկայում կհայտարարեն ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի անունը․ Պետդեպի ներկայացուցիչ

Ամերիկյան վարչակազմն առաջիկայում մտադիր է հայտարարել ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի անունը։ Այս մասին TASS-ին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե ում թեկնածությունն է մտադիր առաջադրել նախագահ Ջո Բայդենը Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում։ Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Սալիվանի աշխատանքի ավարտը նախապես էր որոշված։

«Մենք մտադիր ենք մոտ ժամանակներում հայտարարել ՌԴ-ում մեր հաջորդ դեսպանի թեկնածուի մասին, սակայն այս պահի դրությամբ հաղորդելու ոչինչ չունենք», – նշել է Պետդեպի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ պոտենցիալ թեկնածուին պետք է հաստատի Կոնգրեսի Սենատը, իսկ դեսպան Սալիվանի մեկնումը ՌԴ-ից նախապես ծրագրված էր և բնականոն դիվանագիտական ռոտացիայի մասն է կազմում։

Նա նաև հիշեցրել է, որ Սալիվանը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնն զբաղեցնում էր շուրջ երեք տարի, ինչը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանների աշխատանքի ստանդարտ տևողությունն է։

«Դեսպան Սալիվանն այս պաշտոնում առաջադրվել էր նախորդ վարչակազմի օրոք, և 2021 թվականի հունվարին նախագահ Բայդենը նրան խնդրել էր մնալ Ռուսաստանում՝ ներկայացնելու Միացյալ Նահանգները», – հավելել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 4-ին, հայտնի դարձավ, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է իր աշխատանքը և լքել Մոսկվան։ Մինչ իրավահաջորդի ժամանումը, նրա պարտականությունները կկատարի Էլիզաբեթ Ռուդը։

Սալիվանը դեսպան է նշանակվել 2019 թվականի դեկտեմբերին և գրեթե երեք տարի գտնվում է Ռուսաստանում։

Տեսանյութեր

Լրահոս