«Այսօրվա դրությամբ հետևի մուտքից միայն մտնում են, եթե նայեք՝ մտնողների մեծ հերթ է կանգնած»․ Հայկ Մարության
«Կոնկրետ հիմա դուրս եմ եկել քաղաքական թատրոնից և ոտ-ոտ գնում եմ դեպի Սունդուկյանի անվան թատրոն»,- փոքրիկ գովազդային տեսանյութում այս հայտարարությամբ Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը հանրությանը տեղեկացնում է ստեղծագործական աշխատանքին վերադառնալու մասին:
Նախկին քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում՝ տեսանյութին կից, նաև տեղեկացնում է, որ հանրության դատին է ներկայացնում նոր մոնո-ներկայացում` «Քաղաքապետը» անունով: Ինչպես ասում են՝ դարձ ի շրջանս յուր:
Ի դեպ, տեսահոլովակում լրագրողները Հայկ Մարությանից հետաքրքրվում են, թե ինչո՞ւ է դուրս եկել գլխավոր մուտքից, և ոչ թե՝ հետևի մուտքից, նա հնչեցնում է հստակ քաղաքական ենթատեքստով պատասխան. «Որովհետև այսօրվա դրությամբ հետևի մուտքից միայն մտնում են, եթե գնաք նայեք՝ մտնողների մեծ հերթ է կանգնած»:
Ի դեպ, նախկին քաղաքապետը նաև կարծում է, որ հետևի մուտքի մոտ կանգնողների մեջ է «Մարուքյանը»:
Մամուլն ավելի վաղ բացահայտել էր Հայկ Մարությանի՝ «Stand Up»-յան նախաձեռնության մասին, և ավելին՝ հստակ նշել, որ ներկայացման ժամանակ Հայկ Մարությանն օգտագործելու է Նիկոլ Փաշինյանի ու կառավարական կաբինետի այլ անդամների՝ իրեն ուղարկված ձայնային հաղորդագրությունները (voice message), որոնց հիշատակումն ամենևին ձեռնտու չէ հիշյալ շրջանակներին:
Ի դեպ, ըստ հրապարակումների, հենց այս համատեքստում պետք է դիտարկել նաև Պետական վերահսկողական ծառայության կողմից՝ Մարությանի կառավարման ժամանակ քաղաքապետարանում «աղմկոտ» խախտումները:
Հիշեցնենք՝ 2021 թ. դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։ Դեկտեմբերի 21-ի ավագանու արտահերթ նիստում արդեն քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծն ընդունվեց:
Ի դեպ, հենց պաշտոնից հեռանալու օրը Հայկ Մարությանը թիմակիցների վերաբերյալ արդեն իսկ դրվագային արտահոսքեր էր արել:
«Այս օրերին նախաձեռնության հեղինակները և նրանց կուսակցական ընկերներն ասում են նաև, թե Հայկ Մարությանը, այսինքն՝ ես, շեղվել եմ հեղափոխական արժեքներից։ Հիմա տեսնենք, թե ո՛վ է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից։
2018-ի արտահերթ ընտրություններից հետո սկսեցինք աշխատել։ Եվ հանկարծ, մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ, նախարարները՝ 1,5 միլիոն դրամ են ստանում՝ մաքուր, փոխնախարարները՝ 1-ական միլիոն դրամ, և այսպես շարունակ։ Գաղտնի որոշմամբ։ Հեղափոխական նախարարները։ Շեշտում եմ՝ ես չեմ խոսում պետական համակարգի այսպես կոչված տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պրոֆեսիոնալներ են և իրենց աշխատանքի դիմաց պետք է գնահատվեն։ Ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած և հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։ Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի՝ բարելավել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ՝ նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրե՛նց կյանքը։ Այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը շարունակվում էր տատանվել 30 %-ի սահմաններում։
Կասեք՝ ինչու չէիր շուտ խոսում սրա մասին։ Ուրեմն, բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում՝ տարբեր մակարդակներում։ Ոչ մի արձագանք։ Կարծես թե ամեն ինչ այդպես էլ պետք է լիներ։
Բացի դրանից։ Աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր էի ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, որոնք ասում էին՝ պարոն Մարության, քաղաքապետարանի էսինչ աշխատակիցը ինչ-որ «վատ» քոմենթ ա գրել կամ «վատ» ստատուսի տակ լայք ա դրել, իրեն պետք է աշխատանքից հանել։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել, ինչին ի պատասխան ասել եմ՝ ժողովուրդ ջան, հարգելիներս, հեղափոխությունն ախր նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին, աշխատանքից հեռացնում էին։ Ասում էի՝ ցավներդ տանեմ, երկիրը ֆեյսբուքով չեն կառավարում, ախր ամեն ինչ ֆեյսբուքում չի սկսում ու վերջանում, հարազատներ ջան, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ էստեղ եկել, ես գործով եմ զբաղված։ Կարճ ասած, մերժում էի բոլոր նման առաջարկները։
Բայց սրանք դեռ ծաղիկներն են։ Հետո սկսեցին էլի տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել ու իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել՝ էս ծաղիկի բուդկեն էստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք, սա էսքան հարկ ավել անենք, էս հողը ընդլայնենք և այլն։ Եվ, բնականաբար, բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը․ քանի ես էստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինականության շրջանակներում։
Սա շատ տհաճ ազդակ էր ինձ համար, որովհետև այդպիսի զանգեր ես, անկեղծ ասած, չէի սպասում, երբ միանում էի թիմին։ Եվ այդտեղ սկսեց ի հայտ գալ իմ և ՔՊ-ի միջև աշխարհայացքային խզումը»,- իր ելույթում նշել էր նա: