Ինչպես են «լայքերն» ազդում տրամադրության ու հոգեբանության վրա
Սոցիալական ցանցերը լուրջ ազդեցություն են թողնում ուղեղի վրա և նույնիսկ կարող են հանգեցնել կախվածության, shantnews-ի փոխանցմամբ՝ ասում է SM-Clinic-ի բժշկական հոգեբան Դիանա Լոբանովան։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա թվարկել է այն նշաններy, որոնք ցույց են տալիս, որ միշտ առցանց լինելու ցանկությունը դարձել է անառողջ մոլուցք և կախվածություն:
Սոցիալական ցանցերը դարձել են ժամանակակից աշխարհի անբաժանելի մասը: Նյարդահոգեբանների տեսանկյունից` սոցցանցերը նենգ են: «Սոցիալական ցանցերում երկարատև շփումը նվազեցնում է կենտրոնացումը և կարող է հանգեցնել կախվածության: Բացի այդ, չնայած միլիոնավոր հետևորդներին և ընկերներին, մարդիկ սկսել են իրենց շատ ավելի միայնակ զգալ, քան նախկինում»,- բացատրել է նա:
Ըստ Լոբանովայի՝ սոցիալական ցանցերից կախվածությունը բնութագրվում է մոլուցքային կրկնվող այցելություններով և մի շարք այլ անհանգստացնող նշաններով:
«Եթե մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում մուտք գործել իրենց էջ, նրանք սկսում են նյարդայնանալ, կարող են օրերով լինել առցանց, հրաժարվել իրական կյանքում շփվելուց: Որոշ դեպքերում նույնիսկ հնարավոր է հրաժարվեն սննդից: Տրամադրության փոփոխությունները կախված են հրապարակված գրառման կամ լուսանկարի like-երի քանակից»,- ասել է Դիանա Լոբանովան:
Եթե մարդու համար դժվար է ինքնուրույն հաղթահարել խնդիրը, լավագույնը հոգեբանի կամ հոգեթերապևտի հետ կապվելն է, խորհուրդ է տվել մասնագետը։