«Պարոնայք սպանե՛ր, ախր դուք թշնամուց չեք վախեցել, Նիկոլն ո՞վ է, որ իրենից եք վախենում». Հայկ Մամիջանյան

«Մի շատ վտանգավոր, նույնիսկ՝ Նիկոլից էլ վտանգավոր երևույթի հետ եմ առնչվել վերջերս. Հիասթափություն բառն է: Մենք հիասթափվելու իրավունք չունենք: Հիասթափությունը Նիկոլից մեծ վտանգ է»,-Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա նշեց, որ բրյուսելյան վերջին հանդիպումից հետո հրապարակված տեքստերում ո՛չ Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա, ո՛չ Ղարաբաղ բառը կա. «Դա՞ է բանակցածդ, դրա մասի՞ն ես բանակցում:

Դրա փոխարեն, արդեն պաշտոնապես, վերջնականապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները զատվել են, դիվերսիֆիկացվել են ղարաբաղյան հակամարտությունից: Դա նշանակում է, որ պաշտոնական Երևանը ձեռքերը լվանում է Արցախից, ու մենք դա թողնել չենք կարող»:

Այդ պահին մի քաղաքացի բացականչեց. «Դրա համար, հերի՜ք ա ճառ ասեք»:

Կարդացեք նաև

Հայկ Մամիջանյանը չի հավատում, որ իշխանություններն ամոթից չեն գնում Արցախ. «Նրանց ուղղակի նրանց տերերը չեն թողնում գնալ: Երկար ժամանակ կային մարդիկ, որոնք ասում էին՝ Արցախը իմ կռիվը չէ՝ ղարաբաղցիների կռիվն է: Այդ մարդիկ թող հիմա գնան ու մեր վեդեցի եղբայրներից ու քույրերից հարցնեն՝ մեր կռի՞վն է, թե՞ ոչ, որովհետև վեդեցիները, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի բնակիչներն իրենց մաշկի վրա են զգացել, որ սա բոլորի կռիվն է»:

Անդրադառնալով բարձրաստիճան զինվորականների ձերբակալություններին՝ նա խնդրանքով դիմեց բարձրաստիճան սպաներին. «Պարոնայք սպաներ, խոսե՛ք: Խոսեք ու պատմեք, թե ինչ ապօրինի ու դավաճանական հրամաններ եք ստացել: Ախր դուք թշնամուց չեք վախեցել, Նիկոլն ո՞վ է, որ իրենից եք վախենում:

Ժողովուրդ ջան, պարոնայք սպաներ, այն մարդիկ, որոնք հիմա փորձում են Նիկոլի կողքը կանգնել կամ նրան պաշտպանել. Նիկոլը Նոյը չէ, նա տապան չունի, նա ձեզ չի՛ կարողանալու փրկել, նա էլ կորցնելու ոչինչ չունի, դուք դեռ տարբերակ ունեք՝ խոսեք, պատմեք հանրությանը՝ իրականությունը ոնց է եղել: Ձեզ հայ ժողովուրդը կպաշտպանի, իսկ հայ ժողովրդի դեմ ոչ մեկը չի կարող կանգնել»:

Նա շեշտեց՝ այն, ինչ կատարվում է մեր հայրենիքի հետ, շատ նման է զինված կողոպուտի. «Մեզնից զենքով պահանջում են՝ մեր հայրենիքը տալ, ու ինչ-որ մարդիկ ասում են՝ լավ, էս էլ կտանք, ու կդադարի:

Երբեք չի դադարի: Երբ քեզ կողոպտում են, չես կարող ասել՝ այս 100 դրամը թող մնա, որ տուն հասնեմ երթուղայինով, կամ լավ, մենք այդպե՞ս ենք հայրենիք պահելու, մենք պետք է ինչ-որ մեկից մուրա՞նք, որ մեր հայրենիքը պահենք: Շատ կարևոր է, որ մեզանից ոչ մեկը ոչ մի պարագայում չհիասթափվի: Հանրապետականը ասել է և շարունակում է նույնը կատարել՝ ցանկացած պայքարի տեսակ, կապ չունի՝ ազգային առողջ ուժերից որ մեկը այն կնախաձեռնի, մենք կանգնած ենք լինելու այդ պայքարին, երբեք բացակա չենք ստանալու արդար ու ամենապատվաբեր պայքարի ոչ մի դրվագից, ու այստեղ հավաքվածներից ոչ մեկն այդ բացական երբեք չի ստանա»:

Հայկ Մամիջանյանը խնդրանքով դիմեց նաև այն քաղաքացիներին, որոնք դեռևս չեն միանում պայքարին. «Ժողովուրդ ջան, այնպես չէ, որ մենք կարող ենք առանց ձեզ այդ հաղթանակը կերտել՝ չենք ուզում դա անել: Մենք առանց ձեզ այդ հաղթանակը կերտել չենք կարող: Պիտի գաք ու տեր կանգնեք մեր թե՛ նախկին հաղթանակներին, թե՛ նորը կերտենք միասին, այլ տարբերակ ուղղակի չկա: Վերջին շրջանում պարտությունների էջն է եղել, ու այն պետք է փակվի»:

Տեսանյութեր

Լրահոս