
«Ո՞ւմ համար է անհասկանալի, որ դատախազը չի կարող այսօր այդ որոշումը կայացնել». Տիրան Խաչատրյանը՝ զոհված զինծառայողների ծնողների պահանջի մասին

«Դեռևս բավական երկար ժամանակ առաջ կոնկրետ պատասխանատու անձը հայտարարություն կատարեց, որ՝ այո, ինքը համար մեկ պատասխանատուն է, բայց համար մեկ մեղավորը չէ: Դա արդեն բոլորին էլ հետևություններ անելու հնարավորություն կարող էր լինել, որ հետևանքները կամ շարունակությունը կարող են լինել այնպիսին, որ կբերեն համար մեկ պատասխանատուից պատասխանատվության հանելը և հերթականորեն մեղավորներին նշանակելը»,- Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Միքայել Արզումանյանին և Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքներին:
Հարցին՝ ճանաչելով այն բարձրաստիճան զինվորականներին, որոնք հիմա ենթարկվում են պատասխանատվության, արդյո՞ք նրանք կթերանային, նա պատասխանեց. «Անթերի որևէ մեկը չկա, ուրիշ հարց է, թե որ թերությունն ինչպես կմատուցվի և ինչպես կներկայացվի, կամ դրա հետևանքներն ինչպես կլինեն: Շատ բաների հետ կապված մեղադրանքներ ներկայացվել են, իմ ունեցած տեղեկություններով, իմ պատկերացմամբ՝ սխալ է, և նաև համապատասխան պաշտոնատար անձինք այդ մասին և՛ նշել են, և՛ քննչական մարմիններում համապատասխան բացատրություն տվել են: Ինչի՞ համար է ընթացքը այդպես տրվել, դա բավականին այլ խնդիր է»:
Անդրադառնալով զոհված զինծառայողների ծնողների՝ Գլխավոր դատախազին ուղղված պահանջին՝ կալանավորել Նիկոլ Փաշինյանին, գեներալ-լեյտենանտը հետևյալն ասաց. «Այդ ո՞ւմ համար է անհասկանալի, որ դատախազը չի կարող այսօր այդ որոշումը կայացնել: Նույնիսկ, որ մեղադրանք էլ առաջադրի, նախ՝ դատախազը չի մեղադրանք առաջադրողը, երկրորդ՝ տեսանելի չէ՞, թե մեր իրավական աշխարհում ինչ է այսօր կատարվում: Որ որոշումը ոնց ուղղորդվում է՝ այդպես էլ կատարվում է»:
Լրագրողը հետաքրքրվեց՝ Տիրան Խաչատրյանը մտավախություն չունի՞, որ իրեն էլ են հասնելու, և մի օր պաշտոնաթող զինվորականներն էլ են մեղադրվելու:
«Մտավախություն չունեմ, բայց չեմ էլ կասկածում, որ վաղը նման բան կլինի»,- ի պատասխան՝ ասաց նա:
Ըստ Տիրան Խաչատրյանի՝ Շուշիի անկման հարցի քննությունը ներկա փուլում ոչ թե իրավական, այլ քաղաքական թեմա է. «Իրավական թեման այն երկրում, որտեղ իրավական դաշտն անկախ չէ, չի կարող լինել: Իրավական թեման ենթակա է այսօրվա վարված քաղաքականությանը. Քաղաքականությունը ինչպիսի տեսլական ընտրում է, իրավական թեմաներն ըստ այդմ ուղղորդվում են: Այնպես որ, ասել՝ սա իրավական թեմա է, ինչպիսի մաքուր իրավական թեմա էլ այսօր դիտարկելու լինեք, դրանք ինչ-որ ձևով քաղաքականության մաս են կազմում»:
Հարցին՝ ինչ-որ բա՞ն են փորձում ծածկադմփոց անել, նա պատասխանեց՝ միգուցե:
Լրագրողը ճշտեց՝ ինչ-որ մեկի կաշին փրկե՞լ:
«Միանշանակ»,- արձագանքեց Տիրան Խաչատրյանը: