Ռուբեն Ռուբինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել անվտանգային իրավիճակը ԼՂ-ում և տարածաշրջանում
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակության հետ:
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ տարածաշրջանում: Նա ընդգծել է պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի, տեղահանված բնակիչների, Արցախի հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության ոչնչացման հետ կապված խնդիրների եւ սպառնալիքների վերացման անհրաժեշտությունը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ ստեղծված իրավիճակի հանգամանալից ներկայացման համար: Ընդգծելով Հայաստանի եւ ՄԱԿ-ի միջեւ սերտ համագործակցության կարեւորությունը՝ Միրոսլավ Յենչան փոխգործակցության շարունակության եւ աջակցության պատրաստակամություն է հայտնել: Նշվել է նաեւ, որ ՄԱԿ-ը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: