ԱՄՆ-ը և ԵՄ-ն խանգարում են համաշխարհային շուկայում պարենամթերքի գների նվազմանը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը բարեխղճորեն կկատարի Աֆրիկա եւ Մերձավոր Արեւելք պարենամթերքի մատակարարումների իր պարտավորությունները, չնայած ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը չեն ցանկանում վերացնել ռուսական արտահանման սահմանափակումները եւ դրանով իսկ խանգարում են պարենամթերքի գների նվազմանը համաշխարհային շուկայում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Կինշչակը:
«Չնայած Արեւմուտքի անօրինական սահմանափակումներին, Ռուսաստանը կատարում է եւ բարեխղճորեն կատարելու է Աֆրիկա ու Մերձավոր Արեւելք պարենամթերքի մատակարարումների՝ իր ստանձնած պարտավորությունները»,-ասել է Կինշչակը:
Սակայն, նրա խոսքով, իրադրության լիակատար նորմալացման համար անհրաժեշտ է վերացնել ռուսական արտահանման տրանսպորտային եւ ապահովագրական բոլոր սահմանափակուսները եւ ապահովել վճարումների ազատ անցկացումը:
«Իսկ առայժմ ամերիկացիները եւ եվրոպացիները դա անել չեն ցանկանում՝ խոչընդոտելով գլոբալ պարենային շուկայի հագեցմանը եւ գների նվազմանը: Դրա հետ մեկտեղ շարունակում են հանրային տարածությունում պտտել այն ֆեյքը, թե Ռուսաստանը «համաշխարհային սով» է հրահարում»,- ընդգծել է նա:
Հուլիսի 22-ին Ստամբուլում տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում արտահանման համար ռուսական ապրանքների մատակարարումների սահմանափակումները վերացնելու եւ Ռուսաստանին ուկրաինական հացահատիկի արտահանման գործում աջակցելու շուրջ:
Գործարքը, որն ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սեւ ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի եւ պարարտանյութերի արտահանում երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: