Հայաստանը Վրաստանի քաղաքացիություն ստացողների եռյակում է
2018-2022 թվականներին Վրաստանի նախագահի հրամանագրով Վրաստանի քաղաքացիություն է ստացել 13 հազար 575 օտարերկրացի, նրանցից 5 հազար 111-ի դեպքում վերականգնվել է Վրաստանի քաղաքացիությունը, իսկ 8 հազար 382-ին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել բացառիկ կարգով։ Այս մասին տեղեկությունը, ըստ aliq.ge-ի՝ տրամադրել է նախագահի աշխատակազմը։
2018-2022 թվականներին Վրաստանի քաղաքացիություն ստացած 8 հազար 464 անձանցից 72 տոկոսը (6 հազար 75 հոգի) եղել են Ռուսաստանի քաղաքացիներ։ Ըստ վիճակագրական տվյալների՝ նույն ժամանակահատվածում Ռուսաստանից հետո ամենաշատը՝ 428 մարդ եղել են Ուկրաինայի, 404-ը՝ Հայաստանի, իսկ 330-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ։
Նշվում է նաև, որ 2022 թվականի հուլիսի 7-ի դրությամբ Վրաստանի քաղաքացիություն է ստացել Ռուսաստանի 723 քաղաքացի, այդ թվում՝ 551 քաղաքացի՝ Ուկրաինայում սկսված պատերազմից հետո։ Նույն ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել Ուկրաինայի 8 քաղաքացու։