ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպանությունը նախազգուշացրել է, որ Մոսկվան նավթը չի վաճառի ի վնաս իրեն

Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպանությունն արձագանքել է ռուսաստանյան նավթի գնային բարձրակետ սահմանելու՝ ամերիկյան իշխանությունների առաջարկության վերաբերյալ հաղորդագրություններին, հայտարարելով, որ Մոսկվան վառելիք չի մատակարարի ոչ շուկայական պայմաններով:

«Կցանկանայի եւս մեկ անգամ հիշեցնել. Ռուսաստանը նավթը չի վաճառի ի վնաս իրեն: Չի պատրաստվում աշխատել ոչ շուկայական պայմաններով: Մեր երկիրը, որն արժանի է որակյալ էներգահումքի հուսալի արտահանողի համբավ ունենալ, մշտապես բաց է համագործակցության համար, բայց բացառապես փոխշահավետ հիման վրա»,-ասվում է մեկնաբանության մեջ, որը տարածվել է սեպտեմբերի 2-ին:

Դիվանագետների կարծիքով, արեւմտյան երկրներն էներգակիրների վաճառքի սահմանափակումներ են մտցնում՝ նպատակ ունենալով «խեղդել» Ռուսաստանի տնտեսությունը, ինչը գների ապակայունացման կհանգեցնի ամբողջ աշխարհում:

Արդյունքում «սպառողները պտուղը քաղում են բենզինի, էլեկտրականության եւ նորմալ կյանքի համար անհրաժեշտ մյուս ապրանքների գների կտրուկ բարձրացման տեսքով»:

«Այդ ամենը հղի է սոցիալական լարվածության հետագա աճով»,-նախազգուշացրել են դիվանագիտական ներկայացուցչությունում: «Վաշինգտոնին հորդորում ենք՝ ուշքի գալ եւ հրաժարվել բացահայտ հակարդյունավետ նախաձեռնություններից»,-եզրափակել են այնտեղ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ այս ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, G7-ի երկրների ֆինանսների նախարարները մտադիր են քննարկել ռուսական նավթի ամենաբարձր գնի սահմանման հնարավորությունը: Այդ նախաձեռնության մասին «մեծ յոթնյակի» ղեկավարները պայմանավորվել են հունիսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս