Հայաստանը և Իրանը մտադիր են խորացնել երկկողմ տնետեսական կապերը և ավելացնել առևտրաշրջանառությունը
Հայաստանն ու Իրանը պատրաստվում են երկկողմ տնտեսական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնել, ավելացնել առևտրաշրջանառության ծավալները, խթանել երկու երկրների գործարարների միջև կապերը: Երևանում սեպտեմբերի 1-ին անցկացվեց Հայ-իրանական գործարար համաժողով:
Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորամի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրավերով: Պատվիրակության կազմում են ինչպես պետական հատվածի ներկայացուցիչներ, այնպես էլ առևտրականներ, տարբեր ոլորտների իրանցի գործարարներ, որոնք հանդիպումներ են ունենալու հայ գործարարների հետ:
«Ակնկալում ենք, որ այդ հանդիպումները արգասաբեր կլինեն: Կկազմվեն նոր գործարար պայմանագրեր, ինչը կարող է շատ կարևոր խթան լինել առրևտրաշրջանառության համար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը:
Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը աճում է: 2022 թվականի առաջին 6 ամիսներին 2021-ի նույն ժամանակի համեմատ բավականին մեծ աճ է գրանցվել: «307 միլիոն դոլարի կարգի եղել է 2022 թվականին, 224 միլիոնի կարգի՝ 2021-ի նույն շրջանում: Մենք ակնկալում ենք, որ տարվա երկրորդ կիսամյակում կունենանք ավելի ինտենսիվ աճ»,-ասաց Արզումանյանը:
Պաշտոնյան վստահեցնում է՝ նախարարությունը, կառավարությունը, դեսպանատունը, Իրանում Հայաստանի առևտրային կցորդը միասին փորձում են դրա համար բոլոր նախադրյալները ստեղծել: Այսպիսով, երկու երկրները փորձելու են շատ ոլորտներում համագործակցության շրջանակները լայնացնել: Նաև քայլեր են իրականացվում Հայաստանում Իրանից ներդրումներ ներգրավելու, Հայաստանի արտադրողների, արտահանողների համար նոր շուկաներ գտնելու ուղղությամբ:
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին էլ ընդգծեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է իր հարևան երկրների հետ կայուն հարաբերությունների զարգացումը: «Արևելյան Ատրպատականը Իրանի տնտեսապես հզոր նահանգներից է: Նահանգապետի գլխավորած պատվիրակության այցը խոսում է Իրանի կամքի մասին՝ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար»,-ասաց դեսպանը:
Նա նկատեց, որ համաժողովը կօգնի երկու կողմին ծանոթանալ միմյանց տնտեսական և առևտրային ներուժին և երկկողմ հարաբերություններին տրամաբանական զարգացում տալ:
Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորամին ևս ընդգծեց. «Այստեղ ենք, որ կարողանանք երկկողմ հարաբերություններն առավել զարգացնել: Մեր կարևորագույն նպատակն է զարգացնելու Արևելյան Ատրպատական նահանգի հարաբերությունները հայկական կողմի հետ, որպեսզի որպես սահմանակից նահանգ կարողանանք այդ համագործակցությունը, արտահանման ծավալները մեծացնել»:
Նա հավելեց՝ հաշվի առնելով, որ Արևելյան Ատրպատականը հանդիսանում է Իրանի արդյունաբերական նահանգներից մեկը, իրենց նպատակն է նպաստել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ավելի բարձր մակարդակի հասցնելուն: Նահանգապետը խոսեց նաև մաքսային ոլորտում առկա որոշակի խնդիրների մասին՝ նշելով, որ պետք է ջանքեր գործադրել դրանք վերացնելու համար:
Նա հույս հայտնեց, որ այցի ընթացքում կգրանցվեն լուրջ ձեռքբերումներ: «Հաշվի առնելով երկու երկրների պատմամշակութային անցյալը, կապերը՝ փորձենք երկրների հարաբերությունները նաև տնտեսական ոլորտում բարձր մակարդակի հասցնել»,-ասաց նա:
Նահանգապետի խոսքով՝ որպես Հայաստանին սահմանակից նահանգ՝ մտադիր են ԵԱՏՄ շուկա, ԵՄ շուկա դուրս գալ՝ Հայաստանի միջոցով: