Բաժիններ՝

Վահագն Խաչատուրյանն այսօր դպրոց է գնացել

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Երևանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց, որը հիմնանորոգումից հետո առաջին անգամ է իր դռները բացել աշակերտների և ուսուցիչների առջև: Դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի 2-րդ փուլով:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորելով աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին իր ողջույնի խոսքում մասնավորապես ասել է. «Այսպիսի դպրոցում սովորելն իսկապես մեծ ձեռքբերում է: Ձեզ համար, սիրելի՛ աշակերտներ, ստեղծվել են բոլոր պայմանները: Դուք մեկ առաքելություն ունեք՝ պետք է կերտեք մեր ապագան:

Իմ խնդրանքը բոլորին՝ հատկապես ուսուցիչներին և ծնողներին մեկն է՝ թույլ տվեք, որ մեր երեխաները մեծանան ազատ, իրենք որոշեն իրենց ապագան, իհարկե ձեր օգնությամբ և ուղեկցությամբ:

Իմացեք, որ միայն ազատ մարդը կարող է իսկապես ստեղծագործել, ստեղծել արժեքներ, որոնք հարկավոր են լինելու մեր պետությանը, մեր երկրի զարգացմանը:

Մենք կարող ենք առաջ շարժվել, դժվարությունները հաղթահարել միայն և միայն գիտելիքի շնորհիվ: Իսկ գիտելիքի ձեռքբերումը սկսում է մանկապարտեզից, այստեղից՝ դպրոցից:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ:

Բոլորիդ ցանկանում եմ հաջողություններ, առողջություն, նորանոր ձեռքբերումներ»:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով Գիտելիքի և դպրության տոնը, նշել է. «Բոլորս սեպտեմբերի 1-ի խորհրդով ենք պայմանավորում գիտելիքի և կրթության հետ կապված մեր ցանկությունները և երազանքները` դպրոցի առաջին դասարանից մինչև բուհի առաջին կուրս: Սեպտեմբերի 1-ը սպասումների մեծ ծավալ և երազանքների խտացում ամփոփող տոն է»: Նախարարն ընդգծել է, որ կառավարությունը կրթական համակարգի զարգացման ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկում:

Հանրապետության նախագահն այնուհետև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, դպրոցի տնօրեն Արմանուշ Միրզոյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին, զրուցել սովորողների և մանկավարժների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս