Ետնաբեմում ծնված ներկայացում. Գյումրու դրամատիկը նոր թատերաշրջանը կազդարարի Սթիվեն Քինգի «Միզրի»-ով
Տարբերվող սցենոգրաֆիա ու նկարչական ձևավորում, հանդիսատեսի համար անսովոր իրավիճակ՝ դահլիճի փոխարեն ետնաբեմ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը» Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նոր 157-րդ թատերաշրջանի մեկնարկը կազդարարի սարսափ, և գիտաֆանտաստիկ ժանրերի ամերիկացի գրող Սթիվն Քինգի «Միզրի»-ով։
Մեկ գործողությամբ հոգեբանական դրամայի բեմադրող ռեժիսորը մայրաքաղաքից է հրավիրված: «Տաղանդավոր ռեժիսոր Գոռ Մարգարյանն է, իսկ եթե Գոռ Մարգարյանն է, ապա մոտեցումն անսպասելի է՝ ներկայացումը ծնվել է «ետնաբեմում»՝ հանդիսատեսին տեղափոխելով այլ միջավայր, օգտագործելով թատրոնի ողջ տեխնիկական հնարավորությունները»,- «Արմենպրես»-ին ասաց Գյումրու պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ դեռ ներկայացումը թատրոնը չի հասցրել գովազդել,իսկ առաջնախաղի տոմսերն արդեն սպառված են:
Գոռի առաջարկով նախկին բուժքույր Էննի Ուիլքսի դերում Համազգային թատրոնի սիրված դերասանուհի Տաթև Ղազարյանն է, իսկ հայտնի գրող Փոլ Շելդոնի կերպարը մարմնավորել է Գյումրու դրամատիկի տաղանդավոր դերասան Արսեն Սաղաթելյանը: Թարգմանությունը՝ Շաքե Ջինգյոզյանի, բեմական ձևավորումը և զգեստները՝ Նելլի Բարսեղյանի
Երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Կոսմոսի: Ի դեպ, երաժշտությունը հատուկ այս ներկայացման համար է գրվել: «Ես երբեք չեմ անդրադառնում պարզ գործերի ու, եթե կա հնարավորություն, անմիջապես հանձն եմ առնում բարդ գործեր, իսկ սա բարդ հեգեբանական ու մտածելու տեղիք տվող աշխատանք է: Բնականաբար, կլինեն մարդիկ, ովքեր կհավանեն, կլինեն նաև նրանք, ում համար ծանր կլինի այն, բայց կարծում եմ, շատերին կհետաքրքրի ու թատրոն կբերի»,-նշում է Գոռ Մարգարյանը՝ շնորհակալություն հայտնելով ոչ միայն ստեղծագործական ողջ թիմին, այլ նաև Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրինությանը իր՝ բոլոր «պահանջները» կատարելու համար:
Ռեժիսորը վստահեցնում է՝ շատ հեշտ է աշխատել դերակատարների՝ Տաթև Ղազարյանի և Արսեն Սաղաթելյանի հետ: Չնայած Գյումրու հետ կապը միշտ եղել է, սա Տաթևի առաջին համագործակցությունն է քաղաքի դրամատիկականի հետ: «Սա տարիներ շարունակ հոգուս խորքում թաքնված փափագ է ու հիմա ինձ երջանիկ եմ զգում այս լեգենդար թատրոնում, այս հրաշալի մարդկանց հետ աշխատելով»,-ասում է Տաթևը: Գյումրու թատրոնի երիտասարդ դերասան Արսեն Սաղաթելյանը, մինչև պիեսին ծանոթանալը, անմիջապես համաձայնել է աշխատել՝ իմանալով խաղընկերուհու ու ռեժիսորի մասին: «Մթնոլորտն այնքան դրական է, կես բառից բոլորս իրար հասկանում ենք, մթնոլորտում սեր կա, հաստատ սրանից լավ բան ենք ստանալու»,-ավելացնում է Տաթևը:
«Վստահ եմ, որ այս ներկայացումը մեր խաղացանկում իր ուրույն տեղն ու դերը կունենա: Ծանր ներկայացում է՝ դժվար է տրվում, բայց վստահ եմ Գոռի շնորհիվ կունենանք շատ ազնիվ, հստակ ու հետաքրքիր լուծումներով ներկայացնում»,-նշում է Լյուդվիգ Հարությունյանը:
«Միզերին» հանդիսատեսի դատին կհանձնվի սեպտեմբերի 17-ին և 18-ին: