
Ռուսաստանցի դպրոցականներին արգելել են բջջային հեռախոսներ օգտագործել դասերի ժամանակ

ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը հայտնել է, որ նոր սանիտարական կանոնները դպրոցականներին թույլ չեն տալիս բջջային հեռախոսներ օգտագործել դասերի ժամանակ, դրանք կարելի է օգտագործել միայն դասամիջոցներին:
«Նոր սանիտարական կանոններին համապատասխան, այս ուսումնական տարվանից բջջային հեռախոսները դասերի ժամանակ, ես ընդգծում եմ, դասերի ժամանակ օգտագործել չի թույլատրվում»,-ասել է Կրավցովը՝ օգոստոսի 31-ին հանդես գալով 9-րդ համառուսաստանյան ծնողական ժողովում:
Նա պարզաբանել է, որ նման կանոնները սահմանվել են, «որպեսզի բջջային հեռախոսները դպրոցականներին չշեղեն պարապմունքներից»:
«Եթե ինչ-ինչ արտակարգ իրավիճակներ լինեն, ապա ծնողներին կզանգահարեն, կասեն:
Դասամիջոցին կարելի է շփվել դպրոցականների հետ, բայց դասերի ժամանակ, նոր կանոններին համապատասխան, բջջային հեռախոսներ օգտագործելը չի թույլատրվում»,-հավելել է նախարարը:
Նախօրյակին նախագահի օգնական, մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին մոսկովյան մանկխորհրդում առաջարկել էր փորձնական կարգով դպրոցականներին արգելել բջջային հեռախոսներ օգտագործել պարապմունքների ժամանակ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: