Տատյանա Մոսկալկովան լիարժեք վստահելի գործընկեր է. պատերազմում անհետ կորածների և գերիների հարցով նրա հետ աշխատանքը եղել է ժամացույցի ճշգրտությամբ. Արման Թաթոյան
Երեկ Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների ֆեդերալ հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հարցազրույց է տվել Ռուսարմինֆոյին, որում խոսել է Արցախում վերջին 44-օրյա պատերազմում անհետ կորած հայ զինծառայողների, նրանց հայտնաբերման ուղղությամբ գործադրված ջանքերի մասին:
«Ժամանակին, երբ այդ հարցով ինձ էր դիմում ՀՀ նախկին Օմբուդսման Արման Թաթոյանը՝ կոնկրետ ցուցակով, մենք աշխատում էինք հենց այդ կոնկրետ ցուցակով: Այդ ցուցակով ՌԴ Պաշտպանության նախարարության կազմում աշխատում էր հատուկ աշխատանքային խումբ: Նրանք բանակցություններ էին վարում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, այլ կառույցների հետ, որոնց ընթացքում տեղեկություններ էին ստացվում կոնկրետ անձանց ճակատագրերի մասին»,- ասել է Տատյանա Մոսկալկովան՝ հավելելով, որ այս մասին լիարժեք ինֆորմացիա կարող է տալ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը:
Ըստ Տատյանա Մոսկալկովայի՝ ցուցակը, որը ներկայացրել է Արման Թաթոյանը, ավելի քան 200 անհետ կորածի անուն է ներառել:
«Ես չեմ կարող ասել, որ բոլորը գտնվել են, բայց որոշները գտնվել են, կոնկրետացվել է նրանց գտնվելու վայրն ու հայտնի է դարձել վերջիններիս ճակատագիրը: ՀՀ նոր ՄԻՊ-ին ես ասել եմ, որ եթե լինեն կոնկրետ անուններ, հարցեր, պատրաստ եմ օգտակար լինել, մասնակցել բանակցություններին: Բայց նոր դիմում՝ կոնկրետ նոր անուններով, ՀՀ նոր օմբուդսմանից դեռ չեմ ստացել»,- ասել է Տատյան Մոսկալկովան:
168.am-ը ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին հարցրեց՝ ի՞նչ աշխատանքներ են տարվել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ, և առհասարակ ի՞նչ ցուցակների մասին է խոսում ՌԴ Մարդու իրավունքների ֆեդերալ հանձնակատարը:
Արման Թաթոյանի խոսքով՝ Տատյանա Մոսկալկովայի հետ գերիների և անհետ կորածների հարցով իրենք աշխատել են ժամացույցի ճշգրտությամբ՝ թե հեռախոսային կապի, թե անձնական հանդիպումների ժամանակ:
«ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարը չափազանց վստահելի գործընկեր է: Մեզ օգնել է ամեն առումով: Իմ կողմից ուղարկված կոնկրետ անուններ ներառող ցուցակները ստանալուց հետո անուն առ անուն քննարկել է ՌԴ կառավարության համապատասխան ներկայացուցիչների, Մոսկվայում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակի հետ: Ամեն ինչ արել է անգամ մեկ զինծառայողի ճակատագիրը պարզելու համար»,- ասաց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ այդ հարցերը նա բարձրացրել է նաև միջազգային հարթակներում: