Բանգալորում տեղի է ունեցել հայ-հնդկական համաժողով
Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հնդկաստանի տնտեսական-առևտրային կազմակերպության համատեղ ջանքերով օրերս Հնդկաստանի Կարնատակա նահանգի մայրաքաղաք Բանգալորում (գիտական, արդյունաբերական և ՏՏ ոլորտի կենտրոն) տեղի է ունեցել բիզնես համաժողով «Ներդրումների խրախուսում և աճ» կարգախոսով:
Համաժողովին ներկա են եղել շուրջ 70 մասնակիցներ Կարնատակա նահանգի կառավարական, գործարար, ինչպես նաև կրթական և առողջապահական շրջանակներից:
Միջոցառման ընթացքում մասնակից ընկերությունների ներկայացուցիչները ՀՀ դեսպանի հետ քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության հետ կապված խնդիրներն ու հեռանկարները, ներկայացրել մի շարք հետաքրքիր առաջարկներ՝ համատեղ իրագործման նպատակով:
Մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահի ղեկավարած պատվիրակության հայաստանյան այցի դրական արդյունքների լույսի ներքո։
Իր ելույթում ՀՀ դեսպանը խոսել է ավանդաբար լավ երկկողմ քաղաքական հարաբերությունների պատմական հիմքերի մասին և գոհունակությամբ նշել դրանցում առավել դրական մթնոլորտի ձևավորման փաստը վերջին տարիներին, ինչին իր հերթին շատ են նպաստել երկու երկրների ԱԳ նախարարների փոխայցելությունները:
Դեսպան Բաբախանյանը նշել է, որ հարկավոր է բոլոր ջանքերը ներդնել, նախևառաջ, հայկական և հնդկական տարբեր ընկերությունների միջև փոխադարձ ճանաչելիության և վստահության աճի ուղղությամբ: Այդ կապակցությամբ նա կոչ է արել ներկաներին առավել ակտիվ մասնակցել Հայաստանում անցկացվող ցուցահանդեսներին և համաժողովներին:
Միջոցառման ավարտին Հնդկաստանի Եվրասիական առևտրի խորհրդի հանձնակատար Յաթեշ Վենկատեշի և Բանգալորի արվեստի միջազգային փառատոնի տնօրենի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Հաջորդ օրը տեղի է ունեցել Հնդկաստանում Հայաստանի դեսպանի և Կարնատակա նահանգի ՏՏ ոլորտի և բարձրագույն կրթության նախարարի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև գիտության, կրթության և ՏՏ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված բազմաթիվ հարցեր։