
Վրաստանի եւ ԱՄՆ-ի հատուկ ստորաբաժանումներն անցկացրել են համատեղ վարժանքներ

Հանրապետությունում ավարտվել են Վրաստանի Հատուկ գործողությունների ուժերի եւ ԱՄՆ-ի համատեղ վարժանքները: Այդ մասին հայտնել են Վրաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունում:
«Կայացել են Հատուկ գործողությունների ուժերի եւ ԱՄՆ-ի Հատուկ նշանակության ծովային խմբի համատեղ վարժանքները, որոնք տեւել են 15 օր: Վարժանքների ընթացքում անձնակազմն ստացել եւ հաջողությամբ կատարել է տարբեր մարտական խնդիրներ»,- մեջբերում է մամուլի ծառայությունը Վրաստանի Հատուկ գործողությունների ուժերի սպա Գեորգի Քավթարաձեի հայտարարությունը:
Միջոցառման նպատակն է դարձել փորձի փոխանակումը երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների միջեւ եւ նրանց համատեղելիության բարձրացումը, հավելել է նա: Նման համատեղ վարժանքներ Վրաստանում տեղի են ունենում պարբերաբար: Դրանց մասնակիցներ են դառնում նաեւ ՆԱՏՕ-ի երկրների եւ գործընկերների ներկայացուցիչները, հավելել են պաշտպանության նախարարությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: