Բայդենը մտադիր է Կոնգրեսին խնդրել հավանություն տալու Թայվանին 1,1 մլրդ դոլարի սպառազինությունների վաճառքին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պլանավորում է պաշտոնապես Կոնգրեսին խնդրել, որպեսզի նա հավանություն տա Թայվանին շուրջ 1,1 մլրդ դոլար գումարի զենքի վաճառքին: Այդ մասին հաղորդել է Politico թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների:
Մատակարարումների ենթադրվող փաթեթը ներառում է այդ թվում՝ 60 հատ AGM-84L Harpoon Block II հրթիռներ եւ 100 հատ «օդ-օդ» դասի AIM-9X Block II Sidewinder տակտիկական հրթիռներ: Հրատարակությունը նշում է, որ այս հարցի մշակումը գտնվում է նախնական փուլում: Այնուամենայնիվ, կարծում է Politico-ն, Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի համապատասխան կոմիտեներում նախագահի խնդրանքը քննարկելուց հետո «օրենսդիրները, ամենայն հավանականությամբ, հավանություն կտան վաճառքին»:
Գործընթացը կարող է փոքր-ինչ ձգձգվել՝ հաշվի առնելով շարունակվող արձակուրդները Կոնգրեսում, նախազգուշացնում է թերթը: ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով հայտարարում է այն մասին, որ հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին նախօրյակին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հավաստել է, որ Վաշինգտոնը կշարունակի «անվտանգության բնագավառում» օգնություն ցուցաբերել Թայվանին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցից հետո Չինաստանի կողմից կղզու մերձակայքում ռազմական գործունեության ակտիվացման պայմաններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: