Հայաստանում բարձր են գնահատում այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները չեն այցելել Շուշի. ԱԳՆ մամուլի քարտուղար
Հայաստանը բարձր է գնահատում Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը մերժած Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
– Վերջերս Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում տեղի է ունեցել համաժողով: Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս առումով:
– Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ: Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության և աջակցության ծրագրերում: Միաժամանակ, բարձր ենք գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք խորքային պատկերացում ունենալով հակամարտության վերաբերյալ՝ հրաժարվել են նմանօրինակ միակողմանի ակցիային մասնակցելուց:
Օգոստոսի 27-ին Շուշիում կայացած խորհրդաժողովի ընթացքում, որին մասնակցել էին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Ադրբեջանում Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը: Ադրբեջանի նախագահի օգնականը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի այդ քայլը որակել էր որպես «անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»՝ հավելելով, որ ամերիկյան և ֆրանսիական կողմերի կարծիքով հակամարտությունը դեռ ավարտված չէ։