Գյումրու դրամատիկական թատրոնը թատերական հրավառություն է խոստանում
Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր թատերաշրջանում անակնկալներ է խոստանում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ 157-րդ թատերաշրջանի մեկնարկը թատրոնը կազդարարի Սթիվեն Կինգի «Միզերի» հոգեբանական ներկայացմամբ (բեմադրող ռեժիսոր՝ Գոռ Մարգարյան):
«Այս թատերական տարին էլ Գյումրու դրամատիկականի համար պետք է լինի թատերական հրավառության տարի՝ 4 ամիսների ընթացքում թատրոնը պատրաստում է 3 առաջնախաղ, իսկ Նոր տարուն՝ ամանորյա ներկայացում: Թատերաշրջանի մեկնակը կազդարարի ինձ համար շատ առանձնահատուկ առաջնախաղ՝ «Միզերին»: Բեմադրող ռեժիսորը մայրաքաղաքից է հրավիրված՝ տաղանդավոր ռեժիսոր Գոռ Մարգարյանն է: Իսկ եթե Գոռ Մարգարյանն է, ապա մոտեցումն անսպասելի է՝ ներկայացումը ծնվել է «ետնաբեմում»՝ հանդիսատեսին տեղափոխելով այլ միջավայր՝ ժամանակակից ու ճկուն սցենոգրաֆիկ ու նկարչական մոտեցմամբ՝ օգտագործելով թատրոնի ողջ տեխնիկական հնարավորությունները: Գոռի առաջարկով և իմ ցանկությամբ ստեղծագործական խմբին միացավ նաև Համազգային թատրոնի սիրված դերասանուհի Տաթև Ղազարյանը: Մյուս գլխավոր դերակատարը մեր տաղանդավոր դերասան Արսեն Սաղաթելյանն է: «Միզերին» հանդիսատեսի դատին կհանձնվի սեպտեմբերի 17-ին և 18-ին: Վստահ եմ՝ այս ներկայացումը երկար կյանք է ունենալու»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրուցի ժամանակ նշեց Գյումրու պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ ներկայացման տոմսերն արագ են սպառվում:
Հաջորդ առաջնախաղը սպասվում է սեպտեմբերի 24-25-ին․ թատերասերների դատին կներկայացվի ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած Ուիլյամ Գիբսնի «Հրաշագործը» պիեսը: Ներկայացումն իրականացվում է ԿԳՄՍՆ-ի հայտարարված դրամաշնորհի շրջանակներում: Ներկայացման գործընկերը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն է:
«Սա համատեղ ներկայացում է՝ կյանքի է կոչվում Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հետ, աշխատում ենք այնպիսի տաղանդավոր դերասանների հետ, ինչպիսիք են Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Նարինե Գրիգորյանը, որն զբաղված է գլխավոր դերումինչպես Գյումրիի, այնպես էլ Համազգային թատրոնի սիրված դերասաններ և 8-ամյա Անգելինա Զաքարյանը: Ներկայացումը կխաղանք Գյումրիում, Երևանում»,-նշեց Լյուդվիգ Հարությունյանը:
Եւս մեկ առաջնախաղ էլ սպասվում է նոյեմբերին․ Ֆրանսիայում բնակվող հրավիրված ռեժիսոր Սաթեն Խաչատրյանը հայ-ֆրանսիական մշակութային բարեկամության շրջանակներում կներկայացնի ժամանակակից դրամատուրգ Ժուել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» գործը:
«Մինչև Ամանոր սպասում ենք նաև մեր տոնական ներկայացմանը: Տարեվերջին կունենանք նաև մի քանի հյուրախաղ ինչպես Հայաստանում, այնպես էլ Իսպանիայում, որտեղ նախատեսվում է հյուրախաղեր «Մհեր Մկրտչյան» փոքր թատրոնի երկու ներկայացմամբ»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը։
Արմենուհի Մխոյան