Երկկողմ առևտրատնտեսական ամուր հարաբերությունները ձևավորվում են համաժողովների և քննարկումների արդյունքում. Քերոբյան

Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնում մեկնարկեց ռուսաստանյան ընկերությունների բազմաոլորտ գործարար առաքելությունը, որի կազմակերպիչն է Ռուսաստանի արտահանման կենտրոնը (АО «РЭЦ»): Հանդիպում-քննարկումները կընթանան օգոստոսի 24-26-ը:

Միջոցառումը հարթակ կհանդիսանա ռուսաստանցի այն արտադրողների և հայաստանյան ընկերությունների միջև, որոնք հետաքրքրված են համագործակցությամբ և դեպի Հայաստան ռուսական արտադրանքի ու ծառայությունների մատակարարմամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարևորեց նման գործարար առաքելությունների իրագործումը, քանի որ այն կօգնի մի շարք ոլորտներում էլ ավելի ակտիվացնել երկու երկրների միջև առևտրային, ներդրումային համագործակցության շրջանակները:

«Կան բազմաթիվ գործարարներ երկու երկրներից, ովքեր հետաքրքրություններ ունեն համագործակցության ուղղությամբ, և մենք կարծում ենք, որ այսպիսի գործարար համաժողովների արդյունքում է հենց ձևավորվում այն բարեբեր հողը, որի վրա արդեն կառուցվում են առևտրատնտեսական հարաբերությունները, ներդրումները և այլն: Ինչպես գիտեք, Հայաստանը այս տարվա առաջին կիսամյակում լավ արդյունքներ է գրանցել տնտեսության մեջ, և մենք ունենք վերջին 15 տարվա ամենաբարձր տնտեսական աճը: ՀՆԱ-ի աճը առաջին կիսամյակում է եղել 11.1 տոկոս, որը բավական բարձր և խոստումնալից ցուցանիշ է»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ դա չի նշանակում, թե պետք է բավարարվել եղած արդյունքներով, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և խնդիրները շատ մեծ են, և պետք է էլ ավելի ուժեղացնել նվիրվածությունն ու ներդրումները տնտեսական աճի ուղղությամբ, իսկ նմանատիպ համաժողովները միմիայն նպաստում են այդ գործընթացին:

«Այս պահին ռուսաստանյան շուկան հայ արտադրողների համար առաջարկում է լայն հնարավորություններ, և հայկական ընկերությունները բավական հաջող սկսում են զբաղեցնել ռուսաստանյան շուկայում ազատված բիզնես դաշտերը»,- եզրափակեց Քերոբյանը:

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն ողջունեց բոլորին և ընդգծեց, որ Ռուսաստանի և Հայաստան միջև համագործակցությունը հասել է որակապես ավելի բարձր մակարդակի և արդյունավետ երկկողմ փոխգործակցություն է ծավալվել մի շարք ոլորտներում:

«Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը և, իհարկե, շարունակում է ավելացնել մի շարք ոլորտներում համգործակցության և մատակարարումների ծավալները»,- ասաց նա:

Աննա Դոնչենկոն նշեց, որ բիզնես համաժողովին մասնակցում են մոտ 40 ռուսաստանյան ընկերություններ այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են սննդի ու ագրոարդյունաբերական համալիրը, ՏՏ-ն, «Խելացի քաղաքը», կրթական արտադրանքն ու ուսումնական միջոցները, մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական ու նավթային արդյունաբերությունը, երաժշտական սարքավորումները և այլն:

Տեսանյութեր

Լրահոս