«Փաշինյանի ճակատին դաջված է՝ դավաճան, հողատու, կապիտուլյանտ, և դա երբևէ չի մաքրվելու». Նաիրա Զոհրաբյան

«Ժողովրդավարություն և անվտանգություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ եթե նորմալ երկրում ապրեինք և ունենային նորմալ և ադեկվատ հասարակություն, ապա պատերազմից հետո խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը չպետք է ընտրվեր վարչապետ:

«Այդ քաղաքական ուժը ոչ միայն պետք է չստանար հանրության վստահության քվեն, այլ պետք է ներողություն խնդրեր իր բերած արհավիրքի համար՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և պետք է ընդհանրապես ինքնալուծարվեր: Իրենք նույնիսկ չպետք է հանդգնություն ունենային նորից ակնկալել հասարակության քվեն: Իշխանությունների ադեկվատությունը մինուս անսահմանություն է, բայց հասարակության մեջ էլ կա մի խավ, որը ադեկվատության թեստ անցնելու խնդիր ունի:

Եթե չլինի հասարակության այդ հատվածը, որը Նիկոլ Փաշինյանի արհեստական շնչառական ապարատն է, որովհետև ինքը, ի տարբերություն հասարակության այդ սեգմենտի՝ շատ լավ հասկանում է՝ ինչ է արել, հասկանում է, որ իր ճակատին այլևս սեպագիր դաջված է՝ դավաճան, հողատու, կապիտուլյանտ, և դա երբևէ չի մաքրվելու, անկախ նրանից, թե իր սեգմենտի քանի տոկոսն է շարունակում իրեն խնկարկել: Ինքը, ըստ էության, չկա, ինքը կա այնքանով, ինչքանով հասարակության այդ սեգմենտը, որը նրա արհեստական շնչառական ապարատն է, և կան աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք շարունակում են սատարել նրան: Նիկոլը դեռևս մնում է ամենահարմար թեկնածուն՝ տարածաշրջանով շահագրգիռ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների համար, որովհետև բավարարում է Հայաստանից բացի, մնացած բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների և առաջին հերթին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Հայաստանում այսօր չկա իշխանություն. «Այսօր կա աշխարհաքաղաքական կենտրոնների ցանկությունը բավարարող մի պերսոնաժ, որը պարզապես գոյատևում է հասարակության այդ սեգմենտի հաշվին: Այդ սեգմենտը շատ չէ, բայց նրանց ձայնը լսելի է, որովհետև աղմկարար են: Նիկոլ Փաշինյանն այդ սեգմենտին ասաց` դու 3 մլն վարչապետներից մեկն ես, նրանց բերեց առաջնագիծ: Պարզ է, չէ՞, որ նրանց Նիկոլը չի ծննդաբերել, նրանք միշտ եղել են, բայց իրենց տեղը իմացել են: Ես շատ էմոցիոնալ արձագանքեցի, բայց Բաբկեն Թունյանը ճիշտ էր, երբ ասաց, որ Պողոսը չպետք է որոշի իմ երկրի ճակատագիրը: Բաբկեն, ես համաձայն եմ Ձեզ հետ, հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ Պողոսը չորոշի մեր երկրի ճակատագիրը: Ինչպես Բուլգակովն էր ասում՝ չպետք է ամբոխին տալ իր ճակատագիրը որոշելու հնարավորություն, որովհետև դրա արդյունքում կործանվում է երկիրը: Մենք այսօր կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու շեմին՝ Բաբկենի ասած սեգմենտի և այս ազգադավ, կապիտուլյանտ, հողատու իշխանության պատճառով»:

Հարցին՝ աշխարհաքաղաքական կենտրոններ ասելով՝ Ռուսաստանի՞ն էլ նկատի ունի, նա պատասխանեց. «Այո, լինելով գործիչ, ով գտնում է, որ հակառուս տրամադրություններ հրահրելն այսօր հավասար է պետական դավաճանության, որովհետև, եթե հիմա ՌԴ-ին էլ հռչակենք թշնամի… Ես մեր այն հայրենակիցներին եմ դիմում, ովքեր ասում են, որ ամսի 19-ից լույսը, ջուրը, կապը անջատվեց Աղավնոյում. Ո՞վ է անջատել, սիրելիներս, հո թո՞ւրքը չի անջատել, Աղավնոյի լույսը, ջուրը, կապը անջատել է Արցախի իշխանությունը, ռուս խաղաղապահները չեն անջատել: Բա ձեր ցասումն ինչո՞ւ չեք ուղղում Արցախի իշխանություններին: Երեկ մենք պաշտոնապես «բանտիկով» հանձնեցինք Աղավնոն և Բերձորը, որպեսզի 4 օր հետո Ալիևը Աղավնոյում և Բերձորում տոնի իր կնոջ ծննդյան հերթական տարեդարձը: Բայց Աղավնոն և Բերձորը չեն լինելու մեր հանձնման կարմիր գիծը: Նիկոլը հանձնելու է Տավուշի գյուղերը, Տիգրանաշենը…»:

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ կողմից ՀՀ ԱԳՆ-ին հղված բողոքի նոտային, նա նշեց, որ Ռուսաստանը շատ ավելի վաղուց պետք է իր բողոքը հայտներ, որովհետև տարբեր ուժեր, ովքեր տարածում են հակառուսականություն, գործում են Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով. «Ես մշտապես ասել եմ, նաև իմ ռուս գործընկերներին եմ ասել, որ փոխեք Հայաստանում ձեր դեսպան Կոպիրկինին, որն ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի վկաներից մեկն է, ինչպես ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: Կոպիրկինը բացարձակապես խեղաթյուրված տեղեկատվություն է տրամադրում ռուսական քաղաքական էլիտային՝ հայաստանյան քաղաքական ուժերի, ընդդիմադիրների վերաբերյալ, նա մշտապես տեղեկատվություն է տրամադրում, որ ընդդիմադիրները ոչ մի ռեսուրս չունեն, հեղինակություն չունեն, չեն կարող այլընտրանք լինել Նիկոլ Փաշինյանին, ինչը ես համարում եմ անամոթ և լկտի սուտ, ես ասում եմ՝ փոխեք ձեր դեսպանին, նա այստեղ սպասարկում է ոչ թե ձեր երկրի, այլ մի փոքրիկ ՔՊ բանդայի շահերը»:

Նա նշեց, որ սորոսական կազմակերպություններին առաջին փուլի համար փոխանցվել է 85.000 եվրո, որպեսզի օրենքի նախագիծ մշակեն, թե որ կազմակերպությունները պետք է իրավունք ունենան սոցիոլոգիական հարցումներ անելու. «Սոցիոլոգիական հարցումներ հրապարակելն էլ է մոնոպոլացնում Նիկոլը, որ իր գրպանի սորոսական խունտան ընտրություններից առաջ հրապարակի սոցիոլոգիական հարցում, որ Նիկոլ Փաշինյանը ունի 3700 տոկոս ռեյտինգ, մնացած բոլորը վախճանված են: Այսինքն՝ սա տոտալ բռնապետություն է, և սրա դեմ պայքարելու միակ տարբերակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է: Դա անելու հնարավորություն կա, եթե ընդդիմությունը դադարի իր մեջ այս մանր խոսակցությունները, թե ով է մեղավոր, ով բերեց Նիկոլին, ինչու բերեց և այլն, եթե չուզուրպացնեն հարթակը: «Առանց թուրքի Հայաստան» օրակարգով հնարավոր չէր Նիկոլ Փաշինյանին հեռացնել, պլյուս՝ ունենալ աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությունը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս