ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան խարդախությամբ հափշտակել է շուրջ 4,5 մլրդ դրամ արժեքով 7 հողատարածք
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ կադաստրի կոմիտեի հետ համագործակցված աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան` Գ. Մ.-ն, մի շարք անձանց օժանդակությամբ, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու հետևանքով խարդախությամբ հափշտակել է ընդհանուր շուրջ 4,5 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով 7 հողատարածքներ, որոնցից 4-ը նախնական համաձայնությամբ հափշտակել է իր մտերիմ Ա. Մ.-ի հետ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2014թթ. ընթացքում Գ. Մ.-ն, ՀՀ կադաստրի կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցնելով, մտերիմ հարաբերություններ է հաստատել նույն կառույցի այլ պաշտոնատար անձանց հետ: Այնուհետև վերջիններիս օգնությամբ Գ. Մ.-ն 2016-2017թթ.-ին Ա. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ մտադրվել է դիտավորությամբ փաստերը խեղաթյուրելու միջոցով հափշտակել առանձնապես խոշոր չափերի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող շուրջ 80 հազ. քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողատարածքներ:
Հանցավոր մտադրության մասին Գ. Մ.-ն և Ա. Մ.-ն տեղեկացրել են իրենց ազգականներին և մտերիմ անձանց, ապա ստանալով հանցագործության կատարմանն օժանդակելու և հնարավոր խոչընդոտները վերացնելու վերաբերյալ վերջիններիս համաձայնությունը` ձեռնամուխ են եղել հափշտակության կատարմանը: Մասնավորապես` հափշտակության առարկա հանդիսացող հողամասերի կադաստրային գործերին կցելու և օգտագործելու նպատակով կազմվել են պետական, ինչպես նաև Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային վաճառքի և վարձակալության իրավունքի մրցույթի արդյունքները հաստատելու մասին կեղծ փաստաթղթեր, այդ թվում` Երևանի քաղաքապետի կեղծ որոշումներ, հողամասի առուվաճառքի կեղծ պայմանագրեր և այլն, որոնց մի մասը ստորագրվել և շրջանառության մեջ են դրվել Գ.Մ.-ին և Ա. Մ.-ին օժանդակած անձանց կողմից:
Այնուհետև` Գ. Մ.-ի և Ա. Մ.-ի կազմակերպմամբ ու միջնորդությամբ, մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքների արդյունքում, ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման մատյանի արդեն իսկ լրացված էջերը փոխարինվել են կեղծ գրառումներ պարունակող էջերով, իսկ մյուս կեղծ փաստաթղթերը դարձվել են հափշտակության առարկա հանդիսացող հողամասերի կադաստրային գործերի փաստաթղթեր: Արդյունքում կատարվել է գրանցման ոչ ենթակա հողամասերի պետական գրանցում, և դրանց վերաբերյալ տրվել են անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման կեղծ վկայականներ, ինչն էլ ստեղծել է հափշտակված գույքը փաստացի տնօրինելու հնարավորություն:
Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գ. Մ.-ի և Ա. Մ.-ի կողմից հափշտակվել են ներքոհիշյալ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները, որոնք ձևակերպվել են վերջիններիս օժանդակած տարբեր անձանց անուններով:
1. ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Ա. Ն.-ի անվամբ և հետագայում Գ. Մ.-ի ու Ա. Մ.-ի կազմակերպմամբ շուրջ 122 մլն ՀՀ դրամով օտարվել այլ անձանց:
2. ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում ընդգրկված, առանձնապես խոշոր չափերով` շուրջ 560 մլն ՀՀ դրամ և 389 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել են համապատասխանաբար Բ. Գ.-ի և Ա. Մ.-ի անուններով:
3. ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, առանձնապես խոշոր չափերով` 415 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Ա. Ս.-ի անունով:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նշված հողատարածքներից բացի Գ. Մ–ի կողմից տարբեր անձանց օժանդակությամբ հափշտակվել է`
1. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում ընդգրկված, առանձնապես խոշոր չափերով՝ 1,008 մլրդ ՀՀ դրամ և 988 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել են համապատասխանաբար Ա. Հ.-ի և Լ. Դ.-ի անուններով:
2. ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, առանձնապես խոշոր չափերով` 1,039 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Կ. Ի.-ի անունով:
Գ. Մ.-ին և Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել հանցավոր արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գ. Մ.-ին և Ա. Մ.-ին օժանդակած ևս չորս անձի մեղադրանք է ներկայացվել հանցավոր արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած, առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահած և պաշտոնեական կեղծիք կատարած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: