Լրագրողների համահայկական համաժողովը նախատեսվում է անցկացնել 2023թ. գարնանը
Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին Երևանում՝ Հայաստանի ժուռնալիստների միությունում:
Նիստին մասնակցել են Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ և «168 ժամ»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության նախկին և ներկա տնօրեններ Արամ Անանյանը և Նարինե Նազարյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ և «Նոյյան Տապան» լրատվական գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանը, «Ազդակ»-ի և «Զարթոնք»-ի տնօրեն- գլխավոր խմբագիրներ Շահան Գանտահարյանը և Սևակ Հակոբյանը: Տեսակապով միացել է Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:
Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը տեղեկացնում է, որ օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը՝ տարածաշրջանային առցանց խորհրդակցական նիստերի զեկուցումը, համակարգող խորհրդի կազմի հանգրվանային համալրումը, առաջիկա Համահայկական համաժողովի ժամկետի ճշգրտումը, լրագրողներին համախմբող կառույցի գրանցման իրավական հարցերը, երիտասարդ լրագրողական մարդուժի պատրաստության ծրագրերի նախագծերի ներկայացումը:
Ժողովը որոշեց առաջիկա համաժողովը կազմակերպել 2023-ի գարնանը: Համաժողովի հետ կապված այլ մանրամասնությունները կքննարկվեն համակարգող խորհրդի առաջիկա նիստին, որ տեղի կունենա 2022թ. նոյեմբերին: