Աղավնոն, Բերձորը և հայկական մյուս բնակավայրերը հնարավոր է փրկել միայն Երևանում՝ այս վարչախմբին հեռացնելով․ Գևորգ Գևորգյան

Մեր բոլոր աղետներն անմիջականորեն կապված են իշխանությունը զավթած այս մարդկանց հետ։ Մենք պետք է հասկանանք, որ, եթե ուզում ենք փրկել երկիրն ու պետականությունը, այլ տարբերակ չկա, այն պետք է փրկել Հանրապետության հրապարակում՝ սրանց հեռացնելով և պատասխանատվության ենթարկելով։ Հակառակ դեպքում ինչ էլ անենք, եթե թիկունքումդ գործում է թշնամին, դիմացի խրամատում կանգնած թշնամուդ հարցերը չես կարող արդյունավետ լուծել։

Դրա համար պետք է ամբողջական պլանավորում, ռազմավարություն, մարտում հաղթելու կազմակերպված կամք։ Իսկ երբ թիկունքումդ մարդիկ են, որոնք գործում են ի շահ թշնամու, դու չես հաղթի մարտում, այնպես, ինչպես 44-օրյա պատերազմում։ Այն ծրագրված էր, բոլոր գործողությունները կառավարելի քաոսով կազմակերպվեցին և վերահսկվեցին այնպես, որ թշնամին հաղթի մեզ։ Այսօր նույնն է տեղի ունենում՝ բոլոր ուղղություններով։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ազատամարտիկ, «Հայ ազգային ճակատի» հիմնադիր Գևորգ Գևորգյանը։

«Մեր հասարակությունը, չգիտես ինչու, չէր հասկանում, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է, անվտանգության դարպասն է, ամեն ինչ կախված է Արցախից։ Մեր հանրությանը մոլորեցրել էին, նրանք չէին հասկանում, որ Սիսիանը, Երասխը, Գեղարքունիքը, մնացած ամեն ինչը մեր սրբազան հողն է, և մենք իրավունք չունենք թույլ տալու, որ այն տրվի թշնամուն, մտածում էին, թե Երևանում անվտանգ են լինելու։

«Սուրմալուի» պայթյունից հետո պիտի հասկանան, որ որևէ տեղ անվտանգ չեն, հատկապես Երևանում։ Մենք բոլորս սկսել ենք շատ խոսել, կարծիք հայտնել և ոչինչ չանել։ Իշխանությունն այդքան ուժեղ չէ, թեև այն աշխատող համակարգ է, և դրա դեմ դուրս գալը դժվար է։ Դրա համար պետք է լինի հանրության գիտակցությունը։ Հանրությունը որոշում կայացրե՞լ է, որ ուզում է փոխել սրանց, քանի որ սրանք կենսական վտանգ են։ Փաշինյանը կառավարության նիստում անտարբեր և անպատասխանատու կերպով խոսում է, բացառում ահաբեկչության վարկածը։ Ինչո՞ւ է թիվ մեկ պատասխանատուն միանգամից բացառում այն, հետաքննություն եղե՞լ է»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

«Մետրոպոլիտենում, օդավանակայանում, առևտրի կենտրոններում հինգ րոպեն մեկ ռումբի պայթյունի ահազանգ են հնչեցնում, բայց ոչ ոք պատասխանատվություն չի կրում, ոչ ոք չի ձերբակալվում։ Այս ի՞նչ տագնապի մթնոլորտ է, ի՜նչ խուճապ եք տարածում։ Սա Հայաստանի և հայ ժողովրդի դեմ համակարգված աշխատանք է։ Հայ ժողովուրդը պետք է ընտրի՝ ինքն ուզո՞ւմ է բարեկեցիկ ապրել, թե՞ ոչ։ Բոլոր հանրային գործիչները պետք է հասկանան, որ չունեն մտածելու ժամանակ։ Աղավնոն այսօր չենք կարող փրկել, քանի որ մենք՝ ընդդիմադիրներս, քաղաքական որոշում չենք կարող կայացնել։ Միայն մեկ որոշում է պետք՝ հեռացնո՞ւմ ենք սրանց, դրա համար պետք է գործել արագ և տրամաբանական քայլերով։ Մոտեցումները պետք է լինեն կտրուկ, որոշիչ և իրականանալի։ Խոսելուց պետք է գործի անցնենք, այլապես մի քանի օրից գալու է նոր կորուստների ժամանակը։ Աղավնոն քարտեզի վրա մեր կոկորդն է, սրանք թուրքին հնարավորություն են տվել կտրելու մեր կոկորդը»,- նշեց Գևորգ Գևորգյանը։

Ազատամարտիկի կարծիքով՝ հայրենազրկմանը հանգիստ վերաբերվելու փոխարեն՝ մենք պետք է փոխենք իրավիճակը՝ չմեղադրելով որևէ միջազգային ատյանի կամ ռազմավարական դաշնակցի․ «Ոչ ոք քո փոխարեն չի պայքարելու, եթե դու պատրաստ չես պայքարի։ Հասարակությունը շատ լավ գիտակցում է, որ թուրքը երբեք կանգ չի առնելու, և, որ ինքն այլևս անվտանգ չէ։ Պայթյունը, տագնապներն ազդակներ են, Փաշինյանն ասում է՝ դրանք կարող են շարունակվել։ Երբ հետևում ես իր մոտեցումներին, սցենարը մշտապես նույնն է, անգամ պատերազմի օրոք, այն է՝ տագնապի անոնս։ Երբ անընդհատ տագնապի մեջ ես պահում մարդկանց, նրանց նյարդերը չեն դիմանում, ինքնապահպանման բնազդը բթանում է։ Երբ տեսնում են, որ հայրենիքը հանձնվում է, մի մասը որոշում է հեռանալ, և կարողանում ես կառավարել մնացած բնակչությանը։ Թուրքը նպատակադրված է «վերադարձնել» ընդհուպ Երևանը, այսինքն՝ այստեղի բնակչությանն էլ հետը՝ որպես բանվոր դասակարգ»:

«Փաշինյանն աղետների անոնսը տալիս է վախերով, ահաբեկչություններով։ Մենք ի վերջո մեր շեմը, կարմիր գծերը հասկանո՞ւմ ենք։ Ինքն այս գործընթացը շարունակելու է։ Փաշինյանն առայսօր իշխանության է մնում իր պատվերի շնորհիվ։ Նա միակ մարդն է, որը վարչապետի պաշտոնից երկու անգամ հրաժարական է տվել և շարունակել է մնալ պաշտոնակատար։ Մենք պետք է հասկանանք, որ պատերազմ չի լինի միայն, եթե թուրքը հասկանա, որ այստեղ իշխանություն է փոխվել։ Անկախ իրենց քարոզչությունից՝ Ադրբեջանում գիտեն, որ Արցախն իրենց հողը չէ, որքան էլ նրանց թունավորեն ագրեսիվ քարոզչությամբ։ Այս վարչախումբն Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է։ Նրանց հռետորաբանությունը նույնն է և ուղղված է հայ ժողովրդի դեմ»,- ամփոփեց Գևորգ Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս