Չորս օրվա ընթացքում Լա Մանշում 254 անօրինական միգրանտների են փրկել, որոնք փորձում էին հասնել բրիտանական ափ
Լա Մանշի ֆրանսիական ծովային պրեֆեկտուրան օգոստոսի 18-ին հաղորդել է, որ չորս օրվա ընթացքում նեղուցում աղետի ենթարկված 254 անօրինական միգրանտներ են փրկվել, որոնք փորձում էին թեթեւընթաց լողամիջոցներով հասնել բրիտանական ափ:
Le Figaro թերթի գնահատմամբ, «դա նշան է այն բանի, որ նման փորձերի թիվն ավելանում է»: Պրեֆեկտուրայի հաշվարկներով՝ տարվա առաջին յոթ ամսվա ընթացքում գրանցվել է 18 հազար 763 միգրանտների՝ նավակներով Մեծ Բրիտանիա հասնելու 533 փորձ: Այդ թիվն ավելի քան 50 տոկոսով գերազանցում է 2021 թվականի այդ նույն ժամանակաշրջանում ռեկորդային համարվող թվաքանակը, երբ կարգի պահապանները հաշվել են 12 հազար 100 միգրանտ:
Ֆրանսիայի ռազմածովային ուժերի պարեկային կատերը օգոստոսի 14-ին փրկել է 63 աղետի ենթարկված միգրանտի: Հաջորդ գիշեր առափնյա մաքսային պահպանության կատերը փրկել է եւս 40 մարդու: Օգոստոսի 16-ի երեկոյան Ծովային փրկարարների ազգային ընկերության նավն ուղարկվել է մաքսանենգների վթարային կատերի 50 անհաջողակ ուղեւորներին ափ հասցնելու համար: Իսկ օգոստոսի լույս 17-ի գիշերը Ֆրանսիայի ռազմածովային ուժերի նավը եւ փրկարարները աղետալի վիճակից հանել են եւս 101 մարդու:
Լա Մանշի նեղուցով, որն առավել ծանրաբեռնված նավագնացային գոտիներից մեկն է աշխարհում, միգրանտների վտանգավոր գաղտնի փոխադրումները դարձել են Փարիզի եւ Լոնդոնի միջեւ լարվածության մշտական աղբյուր, հատկապես Brexit-ից հետո, գրում է Le Figaro-ն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: