Երկար քնելով կնիհարե՞մ. պատասխանում է բժշկուհին
Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը ինստագրամյան իր էջում անդրադառնում է հարցին, թե ինչպես է քունն ազդում նիհարելու վրա:
«Հայտնի է, որ քնի դեֆիցիտը (քնի տևողությունը 6-7 ժամից պակաս), կապված է հաջորդ օրվա ընթացքում շատակերության նոպաների հետ։
Ֆիզիոլոգիական մեխանիզմը դեռ այնքան էլ պարզ չէ, բայց, ամենայն հավանականությամբ, կապված է ցիտոկինների և այլ մոլեկուլային ընկալիչների հետ, որոնք ազդում են քնի և ախորժակի վրա։
JAMA Internal Medicicne-ում հրապարակվել է նոր ուսումնասիրություն, որտեղ բժիշկները հարց են բարձրացնում՝ արդյո՞ք կարելի է պակասեցնել օրական ընդունվող կալորիաների քանակը՝ ավելացնելով քնի ժամերը։
Մեկ ժամ քնի ավելացումը ենթադրում է ընդունվող էներգիայի նվազում՝ միջինում 162 կկալով օրական:
Հետազոտությունում ընդգրկված էին 80 մարդ ավելորդ քաշով և ովքեր քնում էին օրական 6,5 ժամից քիչ։
Մասնակիցներին բաժանել են 2 խմբի: Առաջին խմբի յուրաքանչյուր մասնակից ստացել էր քնի կարգավորման անհատական մեթոդներ՝
- հետևել քնի ռեժիմի,
- չօգտվել հեռախոսից քնից առաջ
- սենյակի լուսավորությունը պակասեցնել
- պակասեցնել կոֆեինի օգտագործումը
- ավելացնել ֆիզ․ ակտիվությունը։
Այս ամենի արդյունքում առաջին խմբի մասնակիցների քնի ժամը ավելացավ 1-1,5 ժամով։
Էներգետիկ բալանսի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մասնակիցների օրական ընդունվող կալորիաների քանակը պակասել է միջինում 155 կկալով, բայց կալորիաների ծախսը չի ավելացել։
Բացասական էներգիայի բալանսի արդյունքում առաջին խմբի մասնակիցների մոտ քաշը մի փոքր նվազել էր։
Թվում է օրական 155 կկալի նվազումը մեծ թիվ չէ, բայց եթե դարձնեք սովորություն, ապա սա կօգնի ժամանակի ընթացքում կարգավորել քաշը։
Բացի քաշի կարգավորումից, մասնակիցները նշում էին, որ ունեին էներգիայի ավելցուկ, տրամադրության բարելավում»:
Լուսանկարը՝ David Prado/Stocksy United