Իմ բոլոր հաղթանակները Հայաստանի համար են. հայազգի բռնցքամարտիկ Էդուարդ Քուրդյան
Գերմանիայի Ազգային հավաքականը ներկայացնող 18-ամյա բռնցքամարտիկ Էդուարդ Քուրդյանն իր օտարազգի ընկերներին հաճախ է պատմում Հայաստանի, Արցախի մասին:
44-օրյա պատերազմից հետո Էդուարդը պատերազմում զոհված իր զարմիկի՝ Արամի պատկերով շապիկ է կրել ռինգում՝ այդ կերպ նաև օտարներին տեղեկացնելով Հայաստանում ու Արցախում ապրող հայերի, նրանց սպառնացող խնդիրների մասին:
«Ցանկացա, որ առաջին գոտիս Արամի համար լինի, և ընդհանրապես իմ բոլոր հաղթանակները Հայաստանի համար են:
Հայաստանի, պատերազմի, Արցախի մասին պատմել եմ Գերմանիայի ընկերներիս, նրանց սիրտն էլ է ցավում մեզ համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կարճատև այցով Հայաստան ժամանած բռնցքամարտիկը:
Ի դեպ, 168.am-ն անդրադարձել էր Էդուարդ Քուրդյանի վերջին հաղթանակին. նա Համաշխարհային նոր տաղանդների ընտրական առաջնությունում ջախջախիչ պարտության էր մատնել թուրք մրցակցին՝ նվաճելով WORD GLORY աշխարհի առաջնության ուղեգիրը։
«Հաջորդ մրցումս հոկտեմբերին է՝ Աշխարհի առաջնություն, հետո՝ դեկտեմբերին, կամ հաջորդ տարվանից՝ Եվրոպայի գոտիի համար կմրցեմ»,- անելիքների մասին պատմեց հայազգի չեմպիոնը:
Էդուարդ Քուրդյանը նշեց նաև, որ այս սպորտաձևն ընտրելու հարցում ներշնչվել է Իտալիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Գևորգ «Ջիորջիո» Պետրոսյանից:
Նա սպորտի ճանապարհն ընտրողներին խորհուրդ է տալիս լուրջ ու երկարատև աշխատանք. «Եթե ուզում են մեծ տեղ ունենան կյանքում, իրենք ամեն օր պետք է աշխատեն այդ ուղղությամբ՝ չլսեն մարդկանց, որոնք կողքից ասում են, թե ինչ-որ բան չես կարող անել»:
Մեր հայրենակիցը սպորտով զբաղվում է 9 տարեկանից։ Հունաստանի քառակի չեմպիոն և եռակի գավաթակիր է, սպորտի վարպետ, Եվրոպայի գործող չեմպիոն, Գերմանիայի կրկնակի չեմպիոն, Միջազգային առաջնության ոսկե մեդալակիր։
Թեև հայազգի մարզիկը Գերմանիայի Ազգային հավաքականն է ներկայացնում, բայց այժմ ընտանիքի հովանավորությամբ՝ պրոֆեսիոնալ ռինգում հանդես է գալիս ՀՀ եռագույնի ներքո։ Էդուարդ Քուրդյանը վերջին 4 տարում գրանցել է 41 հաղթանակ, 13 նոկաուտ և ոչ մի պարտություն։